Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կյանքի և մահվան պայքարում է, այսօր տեղական հանրային ռադիոյին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մենք աղոթում ենք վարչապետի համար»,- Reuters-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում և վերադարձ աշխատանքին։
Հունգարիայի վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ եթե անգամ Ֆիցոն ապաքինվի, չի կարողանալու մի քանի ամիս աշխատել։ Վարչապետը սա մեծ կորուստ է համարել՝ շեշտելով, որ «առաջիկա ամիսները չափազանց կարևոր են Եվրոպայի ապագայի համար՝ կապված առաջիկա Եվրախորհրդարանի, ԱՄՆ ընտրությունների հետ, որոնք կարող են որոշիչ լինել Եվրոպայում պատերազմի ու խաղաղության ընթացքի համար»։
Սլովակ պաշտոնյաները Օրբանի ասածը չեն հաստատել։
Reuters-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, նշում է, որ սլովակ բժիշկները երկուշաբթի օրը կհանդիպեն՝ գնահատելու Ֆիցոյի առողջական վիճակը, ինչպես նաև քննարկելու նրան Բրատիսլավա տեղափոխելու հնարավորությունը։
Երեկ Սլովակիայի ընտրյալ նախագահ Պետեր Պելեգրինին ասել էր, որ Ֆիցոն շարունակում է մնալ ծանր, բայց կայուն վիճակում և կարողանում է մի փոքր խոսել։
Պելեգրինին նաև նշել էր, որ մի քանի օրից Ֆիցոն ի վիճակի կլինի իր պաշտոնից բխող որոշումներ կայացնել։ Մինչ այդ Սլովակիայի կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի երկրի առաջին փոխվարչապետը։
Սլովակիայի փոխվարչապետ Թոմաս Տարաբան էր երեկ նաև հայտարարել, որ «Ֆիցոյին վիրահատել են, նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»։
Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել մայիսի 15-ին։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Բանսկա Բիստրիցա հիվանդանոց։ Մահափորձի մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահափորձ Սլովակիայի վարչապետի նկատմամբ. Ֆիցոն վիրավորվել է, նրա կյանքին «վտանգ է սպառնում»