Սիրիայի նոր ղեկավարը հանդիպել է քրիստոնյա հոգևորականների հետ

Ահմեդ աշ Շարաա, արխիվ

Սիրիայի դե-ֆակտո ղեկավար, ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ Շարաան (Մոհամադ ալ-Ջուլանի) դեկտեմբերի 31-ին հանդիպել է Սիրիայում բնակվող քրիստոնյաների հոգևոր առաջնորդների հետ, հաղորդում է Սիրիայի պաշտոնական SANA լրատվական գործակալությունը։

Կարճ հաղորդագրության մեջ հանդիպման մանրամասները չեն հրապարակվում։

Հղում կատարելով Սիրիայի գլխավոր հրամանատարությանը՝ միայն նշվում է, որ «սիրիական նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ աշ-Շարաան հանդիպել է Դամասկոսի քրիստոնյա համայնքի պատվիակության հետ»։

Հրապարակված լուսանկարներից դատելով՝ հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը։

Դեկտեմբերի 30-ին Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի ներկայացուցիչները Հալեպում հանդիպել են Բերիո Հայոց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։ Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ խորհրդի անդամները վստահեցրել են, որ «միասնաբար ձեռք-ձեռքի տալով պիտի վերակառուցենք Սուրիան»։

Դեկտեմբերի 24-ին Սիրիայում հազարավոր քաղաքացիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները։ Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել որում Համա քաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրում են Սուրբ Ծննդյան տոնածառը:

«Մենք այստեղ ցույց ենք անում, որպեսզի պաշտպանենք մեր իրավունքներն ընդդեմ ագրեսիայի, որը տեղի է ունեցել Համայում՝ տոնածառի այրումը, եկեղեցիների վրա հարձակումները … Մեզ համար սա անընդունելի է։ Որպես քրիստոնյաներ՝ ցանկանում ենք, որ հարգվեն մեր իրավունքները», - հայտարարել էր ցուցարարներից մեկը։

Սիրիայում ապրում են բազմաթիվ էթնիկ և կրոնական խմբեր, և իշխանության գալուց հետո խմբավորումը խոստացել է պաշտպանել բոլոր փոքրամասնությունների իրավունքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ցույց Սիրիայում. պահանջում են պաշտպանել քրիստոնյաների իրավունքները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայի նոր իշխանությունները հայ համայնքին հորդորել են վախը մի կողմ դնել, հանգիստ լինել. Պողիկյան