Մարդիկ դուրս էին շպրտվում սիրիական բանտի մոխրագույն բետոնե միջանցքներից, ինչպես գերեզմանոցից վեր հառնող զոմբիները․ հեծկլտում էին՝ անսպասելի տեսնելով իրենց հարազատներին, ցնծում, արտասվում էին փաստից, որ ազատվում են տխրհռչակ հաստատությունից, որն իր դաժանության պատճառով ստացել էր «մարդկանց սպանդանոց» անվանումը։
Սիրիայի բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալումը բացեց «Պանդորայի արկղը», որը տեսանելի դարձրեց երկրի ներքին անվտանգության ծառայությունների անմարդկային գործելաոճը։
Սայդնայա բանտ․ Դամասկոսի հյուսիսում գտնվող ռազմական համալիր, որտեղ տասնյամյակներով տասնյակ հազարավոր բանտարկյալներ են պահվել, խոշտանգվել և մահապատժի ենթարկվել։
2011-ից 2018 թվականներին այստեղ մահապատժի է ենթարկվել, սովամահ եղել կամ բժշկական օգնության բացակայության, խոշտանգումների հետևանքով մահացել ավելի քան 30 հազար մարդ։ Սրանք Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներն են:
Սայդնայան, որը հայտնի է նաև որպես Սեդնայա, բացառապես սիրիական ծագում ունի, ասում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Լյութերը։
Նրա խոսքով՝ հատուկ ստեղծված այդ բանտն ի սկզբանե նախատեսված էր ենթադրյալ իսլամիստ ծայրահեղականների համար, որը, սակայն, հետագայում իր դռները լայնորեն բացեց նաև քաղբանտարկյալների կամ բոլոր նրանց առաջ, որոնց ռեժիմը սպառնալիք էր համարում։
Հանգստյան օրերին Ասադի փախուստից հետո ակտիվիստները ջարդելով բանտի դռները ներխուժեցին այս հաստատություն՝ ազատ արձակելով մարդկանց, որոնցից շատերն այստեղ էին հայտնվել տասնամյակներ առաջ։
«Եթե կարճ՝ ապա ես տեղյակ չեմ արդյոք Սայդնայա բանտի նախագծումը կամ շահագործումը ղեկավարվել կամ ոգեշնչվել է արտաքին կառույցների կողմից, ինչպիսիք են Իրանը կամ Ռուսաստանը», - «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում ասել է Լյութերը՝ նշելով․ - «Բանտի շահագործումը կարծես թե ծառայել է սիրիական իշխանությունների անվտանգության կոնկրետ նպատակների»:
Բանտի դարպասները բացվելուց մի քանի ժամ անց հազարավոր մարդիկ էին հավաքվել հաստատության մոտ՝ իրենց հարազատներին գտնելու հույսով:
Տեղից ստացվող տեսանյութերում երևում են միջանցքներում հայտնված կալանավորներ, որոնք շվարած չորս կողմ են նայում՝ չհասկանալով, որ ազատ են արձակվել։
«Մի՛ վախեցիր, ռեժիմը տապալվել է, մի՛ վախեցիր, դու ազատ ես», - բացականչում է ենթադրաբար զինյալներից մեկը։
«Վերջին անգամ թխվածքաբլիթ եմ կերել 9 տարի առաջ»,- ուրախությունից բացականչում է ազատության մեջ հայտնված կալանավորներից մեկն՝ ունեցածով կիսվելով մեկ այլ բանտարկյալի հետ։
Բանտային համալիրում հսկայական, ստորգետնյա խցերը բացելու համար պահանջվեցին հատուկ մասնագետների խումբ, հատուկ սարքավորումներ, որոնք պետք է քանդեին բետոնե պատերը։
Դեռևս 2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը Սայդնայայում զանգվածային մահապատիժներ է իրականացում, օրական շուրջ 50 կալանավոր է կախաղան բարձրացնում, զանգվածային մահապատիժները թաքցնելու համար բանտում հատուկ դիակիզարան է կառուվել։
Ռիյադ Ավլարը, ով 12 տարի անցկացրել է այդ բանտում և այժմ ղեկավարում է Սեդնայայում անհայտ կորած և կալանավորված անձանց հարցերով թուրքական միությունը, սիրիական զնդանը համեմատում է Հյուսիսային Կորեայի բանտերի հետ, իսկ Ասադին՝ Հիտլերի։
«Մարդիկ պետք է իմանան, որ Ասադի ռեժիմը նման էր Հիլտերի, նացիստական ռեժիմին։ Միանշանակ նույնքան վատը»,- «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» հետ զրույցում շեշտում է Ավլարը։
Your browser doesn’t support HTML5