Կիրանցում ստորագրահավաք է, 31 անձի անունից քիչ առաջ հայտարարություն տարածվեց։ Նրանք իրենց ընտանիքներով հրաժարվում են փոխհատուցումներից։ Ասում են՝ ստորագրած անձանց շարքում 9 սեփականատեր կա, որոնք գույք են կորցնում:
Գյուղացիների փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ 54 հողակտոր սահմանազատման հետևանքով անցնում է սահմանի այն կողմը: Դրանք պատկանում են ավելի քան 30 անձի: Այսինքն՝ ավելի քան 30 բնակիչ այս ամենի հետևանքով իր գույքն ու սեփականությունը կորցնում է:
Պաշտոնական պարզաբանում փոխհատուցման վերաբերյալ դեռ չկա։ Փոխհատուցման մասին խոսակցությունները Կիրանցում ակտիվացել են մայիսի 21-ից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գույք կորցնող գյուղացիները Կիրանցի գյուղապետարանում դիմումներ են գրումՀայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Իշխանության պնդմամբ՝ սա ԽՍՀՄ վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.