Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար անհրաժեշտ պայմանները գնահատելու համար, «Ազատության»-ը հայնեց Երևան-Անկարա կագրավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպման օրը դեռ հստակ չէ:
Երկու տարվա դադարից հետո Ռուբինյանն ու թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը հուլիսին հանդիպեցին Մարգարային անցակետում:
Հենց այդ հանդիպմանն էլ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար։
Հոկտեմբերի 15-ին Ստամբուլում էր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մասնակցելու Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսին։ Նա հանդիպեց նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ:
Անկարայում Սանոսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն և գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբինյանը «լավ», Քըլըչը «կառուցողական» է որակում երեկվա հանդիպումը