Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը այցելել է Փհենյան։ Հյուսիսկորեական պետական KRT հեռուստաընկերության հեռարձակած տեսանյութը ցույց է տալիս, որ նրան ընդունել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։
Հյուսիսկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպմանը նրանք կարծիքների լայն փոխանակում են կատարել տարածաշրջանային և միջազգային իրավիճակների վերաբերյալ և մի շարք հարցերի շուրջ ձեռք են բերվել գոհացուցիչ համաձայնություններ՝ ներառյալ ավելի սերտ համագործակցել պաշտպանելու երկկողմ անվտանգության շահերը։
Բանակցություններից հետո Կիմ Չեն Ընը Շոյգուին ճանապարհել է մինչև օդանավակայան։ «Մերսեդես» մեքենայի ղեկին Կիմ Չեն Ընն էր, նա է վարել մեքենան։
ԱՄՆ-ն, Ուկրաինան, ինչպես նաև այլ երկրներ ու փորձագետներ պնդում են, որ Հյուսիսային Կորեան հրթիռներ և ականներ է տրամադրում Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով՝ դրա դիմաց ստանալով տնտեսական օգնություն։
Մոսկվան ու Փհենյանը հերքում են այդ պնդումները, բայց անցած հունիսին երկու երկրները ռազմավարական համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել՝ պարտավորվելով ակտիվացնել ռազմական համագործակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան ու Փհենյանը հայտարարում են հարաբերությունների նոր փուլի մասին