Շնչառական վարակներ. ՀՎԿԱԿ-ից պնդում են՝ դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա

Հելենա Մելքոնյանի մանկահասակ երեխան հունվարի սկզբին հիվանդացել էր սուր շնչառական վարակով: Դեռ ամբողջությամբ չապաքինված՝ նորից է վարակվել:

«Ջերմիջեցնողներն ընդհանրապես ջերմությունը չեն իջեցնում: Տալիս եմ, 3 ժամը չի լրանում, պետք է արդեն մի ուրիշ բան տամ, որովհետև 40 է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա, - «Միանգամից ջերմությունը բարձրացավ, ու 40 աստիճանից չեմ կարողանում իջեցնել: Ուժեղ կոկորդի ցավ: Իհարկե, բժշկի հսկողության տակ ենք: Հիվանդանոց այս անգամ չպառկեցինք, որովհետև ծանրաբեռնվածությունը շատ մեծ է»:

Մեր ֆեյսբուքյան գրառմանն արձագանքած ծնողները նշում են, որ իրենց երեխաների դպրոց-մանկապարտեզներում սուր շնչառական վիրուսներով վարակված շատ երեխաներ կան: Երևանյան մանկապարտեզներից մեկի տնօրենն ասաց՝ ավելի քան 200 երեխաներից 80-ը տանն են, մուտքի մոտ ստուգում են, ով հիվանդ է, տուն են ուղարկում: Տնօրենի անուն-ազգանունն իր խնդրանքով չի հրապարակվում:

«80 երեխա հիվանդ է՝ ջերմություն, փորլուծություն: Համատարած ամբողջ քաղաքն է այս վիճակում: Լուրջ վիրուս է, ուղղակի գրիպ չէ», - ասաց նա:

«Այբ» դպրոցն օրինակ՝ այսօրվանից հեռավար է կազմակերպում 7-12-րդ դասարանցի 269 աշակերտի ուսուցումը:

«Հիվանդությունների շղթան կտրելու և տարածումը կանխելու համար որոշվել է մինչև երկուշաբթի օրը այս դասարանների համար դասերը կազմակերպել առցանց», - փոխանցեց դպրոցի հաղորդակցության ղեկավար Նվարդ Առաքելյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիրուսներից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել

Ու չնայած «Ազատության» հետ զրույցներում ծնողները, դպրոց-մանկապարտեզների ներկայացուցիչները նշում են, որ սուր շնչառական վիրուսներով պայմանավորված բացակաների թիվն աճում է իրենց մոտ, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հակառակն են պնդում:

«Իրականում պատկերն այդքան էլ այդպես չէ, որ գնալով բացակայությունների թիվն աճում է: Ներկայիս տվյալների համաձայն՝ դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա», - ասաց ՀՎԿԱԿ վերլուծության և վիճակագրության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ շաբաթվա և անգամ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ՝ իրավիճակը նույնն է, բայց որ վարակի բարձր ակտիվությունը պահպանվում է, հաստատեց: Ասաց՝ դպրոցները, մանկապարտեզները կփակվեն, եթե համաճարակ հայտարարվի: Ըստ նրա՝ դրա կարիքը հիմա չկա:

«Հստակ կանոնակարգում ունենք, որ երբ պետք է անցնենք արձագանքման միջոցառումների: Դա իրականացվում է այն ժամանակ, երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25 տոկոս բացակայություն գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված: Ցուցանիշները մեզ մոտ 2.1 տոկոս ընդհանուր դպրոցական և նախադպրոցական հաստատություններում, իսկ դպրոցներում 1.8 տոկոս», - տեղեկացրեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՎԿԱԿ-ից պնդում են՝ ապրիլից մինչև այսօր Հայաստանում մետապնևմովիրուս չի հայտնաբերվել

Հայաստանում այժմ գրիպի Ա (H1N1-ն է՝ «խոզի գրիպը»-հեղ.) ու Բ տիպերից բացի, շրջանառվում են նաև քովիդն ու սուր շնչառական մի քանի այլ վիրուսներ: Մասնագետներն ասում են՝ հիվանդությունը երկարատև է ընթանում հատկապես նրանց մոտ, որոնք վիրուսի մի տեսակը դեռ չհաղթահարած՝ հաջորդով են վարակվում: Հատկապես խոցելի խմբերին մասնագետները խորհուրդ են տալիս վիրուսների սեզոնին ընդառաջ՝ հոկտեմբերին, պատվաստվել:

Երեկվա դրությամբ սուր շնչառական վիրուսներով 863 մարդ է հոսպիտալացված, նրանցից 92 տոկոսը 0-18 տարեկաններն են: Այս թիվն, ըստ ՀՎԿԱԿ-ի, կրկին նախորդ շաբաթվա ու նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, գրեթե նույնն է: 64 մարդ էլ հաստատված թոքաբորբով դիմել է հիվանդանոցներ, ավելի քան 70 տոկոսը կրկին երեխաներ են: