Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Մուրադյանին մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթեց՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։
Մուրադյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց՝ բարձր վստահության համար՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակներում «ինչքան կարողացել, ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզի զարգացմանը»։
Մուրադյանը Շիրակի մարզպետն էր 2023-ի հունվարի 23-ից։ Մինչ այդ նա «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։ Մարզպետի պաշտոնում նա փոխարինեց Նազելի Բաղդասարյանին, ով նախ փետրվարին նշանակվեց վարչապետի օգնական, ապա չորս ամիս անց դարձավ վարչապետի մամուլի քարտուղարը։
Շիրակի նոր մարզպետի պաշտոնում շրջանառվում է Գյումրիի փրայմըրիզին երկրորդ տեղը զբաղեցրած, պատգամավորական մանդատից հրաժարվող ՔՊ-ական Դավիթ Առուշանյանի անունը։ Մանդատից հրաժարվելու մասին ԱԺ-ից երեկ փոխանցեցին։ Պատճառների մասին չի նշվում։ Առուշանյանը երեկ հրաժարվեց մեկնաբանել մարզպետի պաշտոնում իր հավանական նշանակման մասին տեղեկությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է գրել