Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառաջադրի օրերս պատգամավորի մանդատից հրաժարված Դավիթ Առուշանյանի թեկնածությունը։ Այս մասին վարչապետն է Ֆեյսբուքում գրառում կատարել։
Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ շնորհակալություն հայտնելով Մուրադյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթելով՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։
Երկու շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստի ժամանակ Մուշեղ Մուրադյանին խիստ նկատողություն էր արել՝ Վահրամաբեդի դպրոցում բնագիտության սենյակը բանակի կազմակերպչական զորահավաքային վարչության պետի անունով անվանակոչելու ու այդ միջոցառմանը մասնակցելու համար։ Այդ օրվանից արդեն սկսեցին լուրեր պտտվել, որ վարչապետը հրաժարական տալու մի հաղորդագրություն էլ Մուշեղ Մուրադյանին է ուղարկելու։
Մուրադյանը Շիրակի մարզպետն էր 2023-ի հունվարի 23-ից։ Մինչ այդ նա «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղը Գյումրին նոր ժամանակավոր քաղաքապետ կունենա, բայց այսօր արդեն Շիրակը մարզպետ չունի