Շարունակվում է Մարտի 1-ի գործով նիստն առանց Քոչարյանի և մյուսների

Քոչարյանը նախորդ դատական նիստի ժամանակ, 11-ը հոկտեմբերի, 2024թ․

Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այսօր դատարան չեն եկել, դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է:

Դատախազ Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ հիմքեր կան նրանց նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու: Փաստաբանները, սակայն, պնդում են`Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետ Քոչարյանն ու մյուսները մեղադրյալ չեն:

Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։

Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:

Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրկին ամբաստանյալի աթոռին. մեկնարկեց Քոչարյանի և մյուսների դատավարությունը