Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով վերսկսված դատավարությունը։
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է այսօրվա նիստին։
«Ես մեղադրյալ չեմ, եկել եմ այստեղ՝ բարի կամք դրսևորելով», - նիստի մեկնարկին հայտարարեց երկրորդ նախագահը՝ շարունակելով․ - «Եվ քանի որ չունեմ մեղադրյալի կարգավիճակ, ապա կնստենք այլ տեղ»։
Այս հայտարարությունից հետո մեղադրյալների համար նախատեսված տեղից Քոչարյանն անցավ մասնակիցների համար հատկացված հատված։
Ի պատասխան դատավորն ասաց` մի քանի րոպեից այդ հարցին կանդրադառնան։
Արձագանքելով Յուրի Խաչատուրովի փաստաբանի հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի Խաչատուրովը, դատավոր Սարգիս Պետրոսյանը պատասխանեց․ - «Այս վայրկյանին նրանք մեղադրյալ են՝ հակասահմանադրական ճանաչված հոդվածով»։
Դատախազ Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց` Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, արդարացման վճիռը բեկանված է, նրանք ունեն մեղադրյալի կարգավիճակ:
Նախորդ դատական նիստին Քոչարյանն ու փաստաբանները ներկա չէին։
Արդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաները՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը, 2008-ի մարտի 1-ի գործով դարձյալ դատարանի առջև են կանգնած։
Վճռաբեկ դատարանն է բեկանել դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության
2018-ի հեղափոխությունից հետո, 10 մարդու կյանք արժեցած հետընտրական արյունալի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանին ու մյուսներին։ Նրանց փաստաբանները, սակայն, շարունակաբար պնդում էին, որ այդ հոդվածը հակասահմանադրական է։ Նույնը եզրահանգել էր Սահմանադրական դատարանը, ինչից հետո գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրել էր ամբաստանյալներին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը:
Այն ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել էր՝ եթե անգամ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, միևնույն է, դա չի նշանակում, որ վերացել է 2008-ին 10 մարդու կյանք խլած իրադարձությունների մասով նախկին նախագահի պատասխանատվությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրկին ամբաստանյալի աթոռին. մեկնարկեց Քոչարյանի և մյուսների դատավարությունը