Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Դատավոր Վահե Միսակյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով, հաղորդում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) խոսնակ Մերի Գևորգյանը։

ԲԴԽ-ն այսպիսով բավարարել է Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Միսակյանն ավելի վաղ «Ազատության»-ն ասել էր, որ համաձայն չէ միջնորդության հետ։ «Ազատություն»-ը հետաքրքրվել էր, թե արդյո՞ք նախարարության դժգոհության առիթը կարող է նաև Սերժ Սարգսյանի արդարացումը լինել, դատավոր Միսակյանը չէր ցանկացել պատասխանել՝ նշելով, թե «կոռեկտ չէ էդ հարցին պատասխանելը»:

Բարձրագույն դատական խորհուրդը քննում էր նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով Միսակյանի թույլ տված հնարավոր խախտումների մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Արդարադատության նախարարությունը պնդել էր, թե դատավոր Միսակյանը ձգձգել է իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի համար մեղադրվող Վազգեն Մանուկյանի դատավարությունը։

Միսակյանը 2021-ից իր սեղանին գտնվող գործը քննել ու Մանուկյանին այս հւոնիսին մեղավոր է ճանաչել, և որպես պատիժ նշանակել 400 հազար դրամ տուգանք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սերժ Սարգսյանին արդարացրած դատավորը կարող է զրկվել պաշտոնից