Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնելուց չորս ամիս անց դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին: Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատաքննության ընթացքում միաձայն որոշել է, որ դատավորը էական կարգապահական խախտում է թույլ տվել։

ԲԴԽ-ն այսօր հակիրճ հիմնավորեց, թե որն է, իրենց գնահատմամբ, Միսակյանի թերացումը:

Կարեն Անդրեասյան

«Փորձաքննություն նշանակելու և վկաներ հարցաքննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում ընդամենը մեկ գործողություն պահանջող, մեկ մեղադրյալ հարցաքննելու համար նշանակել է 18 դատական նիստ, որոնցից 14-ը հետաձգել է: Արդյունքում գործը քննել է երեք տարուց ավելի ժամկետով, չի պահպանել առանց արդարադատության շահերին վնասելու, ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցը քննելու ու լուծելու վարքագծի կանոնը», - ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության միջնորդությունից հետո և վերաբերում էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի քրեական գործին:

44-օրյա պատերազմից հետո իշխանության հեռացման պահանջով փողոցային պայքարի ելած Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերի համար։

Դատավորը գործը ստացել է 2021-ի մարտին, բայց քննությունն ավարտել և դատավճիռը հրապարակել է երեք տարի անց՝ 2024-ի հունիսին: Նախարարության միջնորդության համաձայն՝ դատավորը խախտել է դատավարական ժամկետները: Ինքը՝ արդեն նախկին դատավորը, իր պաշտոնանկության մասին առավել մանրամասն կխոսի այն ստանալուց հետո, այսօր միայն կարճ փոխանցեց՝ խորհրդի հետ համաձայն չէ: Իսկ համաձա՞յն է գնահատականների հետ, թե իրեն պատժեցին երրորդ նախագահին դիզվառելիքի յուրացման գործով արդարացնելու համար:

Վահե Միսակյան

«Կոռեկտ չեմ համարում պատասխանելը: Կարգապահական միջնորդությունն ուրիշ գործով էր, այս հարցին պատասխանելն իրականում կոռեկտ չեմ համարում: Դադարեցվել են իմ՝ դատավորի լիազորությունները, իսկ մասնագիտական էթիկայի կանոնները պահպանելը միայն դատավորի կարգավիճակով չի», - ասաց Միսականը:

Բարձրագույն դատական խորհուրդը վերջին վեց տարում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքով 17 դատավորի լիազորություն է դադարեցրել։ Մոտ երեք ամիս առաջ էլ նախկին ՔՊ-ական, այժմ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը դատավորի պաշտոնից հեռացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած Աննա Դանիբեկյանին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցման պատճառը Մարտի 1-ի գործը չէ. ինչո՞ւ ԲԴԽ նախագահն այդ մասին ուղիղ չի խոսում

Այսօր էլ փաստորեն Սարգսյանի գործը քննած դատավորը լքեց պաշտոնը: Արդյոք Վահե Միսակյանը կբողոքարկի ԲԴԽ որոշումը միջազգային ատյաններում, հայտնի չէ:

«Ինչի էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի՞», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:

Տիգրան Աբրահամյան

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ իշխանությունը չներեց դատավոր Վահե Միսակյանին, որը, ըստ նրա, գործընթացը տարավ ոչ թե քաղաքական, այլ իրավական ճանապարհով:

«Այդ իրավիճակի հետ իշխանությունը որևէ ձևով չէր համակերպվելու ու օգտագործելու էր իր բոլոր հնարավորությունները ոչ միայն կոնկրետ այդ գործով դատավորին պատժելու, այլ նաև ուղերձ հղելու համակարգին առ այն, որ ցանկացած դատավոր, ով չկատարի քաղաքական պատվեր կամ իշխանության քմահաճույթից բխող որոշումներ, ապա արժանանալու էնույն այդ դատավորի ճակատագրին», - ասաց Աբրահամյանը:

Հովիկ Աղազարյան

Իշխանությունից այդ մեղադրանքը չեն ընդունում, թեև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի թաքցնում՝ Սերժ Սարգսյանին արդարացնելու դատավորի որոշումն անձամբ իր սրտով չէր:

«Ընդդիմությունը պետք է այդպես ասի, ընդդիմությունը չի ասի՝ վերջապես դատական համակարգի բարձրագույն մարմինն արդարացի որոշում կայացրեց», - նշեց Աղազարյանը:

Վահե Միսակյանը դատավոր էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից առաջ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: