Այս տարվա մայիսի դրությամբ «ոչ մարտական պայմաններում 13 զինծառայողի մահ է գրանցվել»

20-ամյա ժամկետային Արարատ Արոյանի մարմինն այսօր տեղափոխվել է ծննդավայր՝ Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղ։ Վարդենիսի զորամասի զինծառայողը մահացել է երեկ զորավարժարանում ստացած վնասվածքի հետևանքով։ Գյուղում լսել են՝ զրահատեխնիկայի փողը խփել է այն մեքենային, որում Արարատն էր։

«Տանկը զորավարժության ժամանակ կպել է «Ուրալ»-ին, ինքը մեջն է եղել ու այդտեղից էլ վնասվել է, հիմնականում գլխի հատվածում», - ասաց Ագարակավան համայնքի վարչական ղեկավար
Խորեն Կիրակոսյանը։

Արարատը մեկ ամսից պիտի զորացրվեր, ընտանիքում անհամբեր էին, հունիսի 27-ին տանը կլիներ։

«Շատ հանգիստ, համեստ, շնորհքով ժողովուրդ են», - նշեց Կիրակոսյանը։

Դեպքն, ըստ Քննչական կոմիտեի, երեկ առավոտյան է եղել՝ ժամը 11-ին զորավարժարանում զինտեխնիկան բախվել է կայանված «Ուրալ»-ի թափքին։ Արարատն «Ուրալ»-ում է եղել՝ ճակատաքունքային հատվածում վնասվածք է ստացել, տեղափոխվել հոսպիտալ, երկու ժամ անց մահացել։ Քրեական գործ է հարուցվել մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից փոխանցում են՝ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, հարցաքննվել են ականատեսները, քննությունը շարունակվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինծառայող Արարատ Արոյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. դեպքը տեղի է ունեցել զորավարժարանում


Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը շեշտում է՝ հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծանր վիճակագրությունն այսպես էլ չի փոխվում. - «2024թ. մայիս ամսվա դրությամբ արդեն իսկ 17 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, որոնցից 4-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, իսկ մնացած 13 դեպքերը ոչ մարտական պայմաններում են, դրանք ներառում են թե ինքնասպանության, թե սպանության, թե ավտովթարի, դժբախտ պատահարի»։

Այս տարի 6 զինվոր է մահացել ավտովթարի, մարտական հատուկ մեքենա վարելու կանոնները խախտելու հետևանքով, 2 հոգի ինքնասպանություն են գործել, 3-ը՝ սպանվել, մի զինվոր ձյան տակ է մնացել, մեկը՝ հրդեհի զոհ դարձել։ Իրավապաշտպանի խոսքով՝ բանակային մահերի 70 տոկոսը հակառակորդի կրակոցից չեն։ Անցյալ տարի 64 զինծառայող է մահացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ․ «Ուրալ»-ի վթարի պատճառները պարզվել են, զորամասի երկու պաշտոնատար անձ կալանավորվել է


Նազելի Մովսիսյանը 14 տարի է՝ հետազոտում է բանակային մահվան դեպքերը, թվերը, եզրակացությունը մեկն է՝ ոչինչ չի փոխվում։ Նախորդ ամսին էլ Մեղրիում ձորն ընկավ զինվորական «Ուրալ», 4 զինծառայող մահացավ, 20-ը տարբեր վնասվածքներ ստացան։ «Ուրալ»-ի ղեկին մի զինծառայող էր, որ ըստ նրա ընտանիքի անդամների՝ վարելու փորձ չուներ, նրան կցված այդ մեքենան երբեք սարքին վիճակում չէր եղել, այդ օրը՝ նույնպես։ Քրեական այս մի գործով այսօր ժամկետային զինծառայող վարորդը նույնպես մեղադրյալ է զորամասի չորս պատասխանատուների հետ։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Այս տարվա մայիսի դրությամբ «ոչ մարտական պայմաններում 13 զինծառայողի մահ է գրանցվել»