Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
2024-ի սկզբին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արգելափակեց Վլադիմիր Սոլովյովի հեղինակային երկու հաղորդումների հեռարձակումը Հայաստանում՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագրի պայմանները։ Կրեմլի հայտնի քարոզիչը եթերում Հայաստանի իշխանությունների և ժողովրդի հասցեին վիրավորական բովանդակություն էր տարածել։
2023-ի հոկտեմբերին էլ ռուսական «Առաջին ալիքը» եթեր էր հեռարձակել Հայաստանի վարչապետի քաղաքական գործունեությունը քննադատող՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով թողարկումը։
Ամիսներ անց հայկական կողմը երեք օրով կասեցրեց «Առաջին ալիքի» հեռարձակումը՝ հիմնավորելով, որ չեն վճարել հեռարձակման գումարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի «անպատասխան նամակները» Մոսկվային․ հեռուստատեսային հաղորդումների խնդիրները դեռ չեն լուծվել