Սերբիան, Իսրայելը դեսպանատան մոտ միջադեպն ահաբեկչության փորձ են որակել

Բելգրադում հունիսի 29-ի առավոտյան արբալետից վիրավորվել է սերբական ժանդարմերիայի աշխատակիցը, որը հերթապահում էր երկրում Իսրայելի դեսպանատան դիմաց։ Ժանդարմ Միլոշ Ջևրեմովիչը վիրավորվել է պարանոցից։ Նա կրակ է բացել հարձակվողի վրա, վերջինս մահացել է։

Սերբիայի իշխանությունները, ինչպես նաև Իսրայելի դիվանագիտական գերատեսչությունը տեղի ունեցածը որակել են ահաբեկչական հարձակման փորձ։ Սերբիայի ՆԳՆ-ն նշում է, որ ժանդարմը գործել է ինքնապաշտպանության նպատակով։

Հարձակվողի ինքնությունը պարզվել է. նա Միլոշ Զույովիչն է։ Հաղորդվում է, որ վերջերս իսլամ է ընդունել, հավատարիմ էր արմատական իսլամիստական գաղափարախոսությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը։

Հայտնի չէ, թե նա թիրախավորում էր դեսպանատունը, աշխատակիցներին, թե ոչ։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ այս գործով մի քանի մարդ հետախուզվում է։