Արցախում սեպտեմբերյան մարտերում զոհված զինվորների հարազատները խնդրում են նրանց աճյունները Հայաստան տեղափոխել

Սեպտեմբերյան մարտերում զոհված, Արցախում հուղարկավորված զինվորների հարազատները կառավարությանը խնդրում են նրանց աճյունները Հայաստան տեղափոխել։

Զոհվածների ծնողները, կանայք, հարազատներն այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել՝ պահանջելով հանդիպում պաշտոնյաներից մեկի հետ։ Անելանելի ու անորոշ վիճակում են։ Ասում են՝ ավելի քան 10-ը ամիս սպասում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ կողմի օգնությամբ իրենց սիրելիների աճյուները Հայաստան տեղափոխվեն։

«Եթե հնարավոր է, թեկուզ մի փոքր շանս օգտագործվի, թեկուզ մի փոքր ինչ-որ տարբերակ, ուղղակի խնդրում ենք ձեզ՝ միջամտել ու էդ հարցով իրոք զբաղվել, որ լուծում տրվի էդ հարցին», - ասաց զոհվածի քույր Բելլա Գալստյանը:

Բելլա Գալստյանի կրտսեր եղբայրը ռազմական գործողություններից է զոհվել, ավագը՝ բենզինի պայթյունից ստացած ծանր այրվածքներից, նրան Երևանում են հուղարկավորել։ Փոքրի աճյունը Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանն է, Սասունի շիրիմի տեղը երիտասարդ կինը անգիր է հիշում։

Բորյա Արզումանյանի 38-ամյա որդին սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո կամավորագրվել ու կռիվ է գնացել. Արցախի անկման օրերին որդուն հուղարկավորել են ու օրեր անց պարտադրված լքել հայրենիքը։

«Հուղարկավորել ենք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, էնքան խնդրել ենք մարդկանց, ոչ մի արդյունքի չենք հասել: Հիմա վերջնական հույսը նա է, որ եկել ենք տեսնենք՝ գոնե Հայաստանի կառավարությունը կմիջամտի, որպեսզի արտաշիրիմում անենք, հասնենք Հայաստան», - ասաց Բորյա Արզումանյանը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, նրանցից 181-ը՝ զինծառայող։

Արդյոք Հայաստանի կառավարությունն ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում այս հարցը բարձրարցնում է, հայտնի չէ։ Պաշտոնապես այս մասին չի խոսվել։ Զոհվածների ծնողները դիմել են տարբեր գերատեսչություններ, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտե, բայց, ասում են՝ ապարդյուն։

Կարմիր խաչից հայտնում են, որ իրենք կարող են միջնորդի դեր ստանձնել, բայց պետք է այդ հարցով Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն թեև երկխոսության մեջ է թե՛ կողմերի հետ, թե՛ ընտանիքների հետ բազմաթիվ մարդասիրական հարցերով, սակայն պետք է փաստենք, որ լինելով միանգամայն մարդասիրական կազմակերպություն՝ քաղաքական գործընթացների մեջ մենք չենք ընդգրկվում: Սա նշանակում է, որ այս կամ մյուս հարցերով որոշումներ կայացնելը գտնվում է կողմերի ձեռքերում: Այսինքն՝ այն պահից սկսած, երբ որ կողմերը գան համաձայնության, թե ինչպես և ինչ ձևաչափով արձագանքեն այս մարդասիրական խնդրին, մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել որևէ գործընթացի, ինչին կհանգեն կողմերը: Սակայն մինչև այդ պահը մեր կազմակերպությունը կարող է միայն ուշադրություն դարձնել նման խնդրին՝ շարունակաբար լինելով երկխոսության մեջ կարիք ունեցող մարդկանց հետ», - ասաց ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:

Զոհվածների հարազատներին այսօր միացել էին նաև անհետ կորածների ծնողները, նրանք էլ պահանջում են պարզել իրենց հարազատների ճակատագիրը. - «Մինչև առ այսօր ոչ մի տեղեկություն չունենք՝ արդեն 9-րդ ամիսն ա»:

Սեպտեմբերի վերջին Արցախի հայաթափումից հետո արցախցի փրկարարները շարունակում էին որոնողական աշխատանքները, սակայն վերջին օրերին դրանք որևէ արդյունք չտվեցին։ Պաշտոնական տվյալներով՝ մեկ տասնյակից ավելի է անհետ կորածների թիվը։

Նրանք դեռ հուսով են՝ իրենց հարազատները ողջ են ու գերության մեջ, թեև ոչ մի պաշտոնական հաստատում չկա այդ մասին։ Ծնողներից մի քանիսն այսօր կառավարության շենք մտան, սակայն հանդիպում չկայացավ, նրանց հորդորել էին դիմում գրել։