Սեուլն արտգործնախարարություն է կանչել երկրում Ռուսաստանի դեսպանին՝ պահանջելով անհապաղ դուրս բերել հյուսիսկորեացի զինվորներին Ռուսաստանից ու դադարեցնել համագործակցությունը նրանց հետ։
Ավելի վաղ՝ անցած ուրբաթ, Հարավային Կորեայի հետախուզությունը հայտարարել էր, թե Փհենյանը պատրաստվում է 12 հազար զինվոր ուղարկել Մոսկվա, և որ նրանցից 1500-ն արդեն ժամանել են Ռուսաստան։
«Դա էականորեն կսրի իրավիճակը», -X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Հարավային Կորեայի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո։
Կրեմլն այսօր չի հերքել, բայց և չի հաստատել հյուսիսկորեացի զինվորներին ուկրաինական ճակատ ուղարկելու մասին հաղորդումները։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը միայն ասել է, թե Մոսկվայի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները Փհենյանի հետ ցանկացած ոլորտում։
Կողմերն ամիսներ առաջ ռազմական համագործակցության մասին պայմանագիր էին ստորագրել՝ խոստանալով մեկմեկու օգնության հասնել երրորդ երկրից հարձակման կամ սպառնալիքի դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան վավերացնում է ռազմական դաշինքը Փհենյանի հետ