Սարատովի Զավոդսկոյ շրջանում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են քաղաքի արդյունաբերական գոտում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, տեղեկացրել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը: Սակայն նա չի հստակեցրել՝ բեկորները կոնկրետ ուր են ընկել:
Սարատովի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Սուրկովի հաղորդմամբ՝ մեկ բազմաբնակարանային շենքում կոտրվել է 13 պատուհան: «Սարատով 24» հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներn ընկել են նավթավերամշակման գործարանի տարածքում գտնվող մազութի պահեստի և մի հատուկ սարքավորման վրա: Արդյոք եղել է հրդեհ՝ աղբյուրը չի կարողացել ճշտել:
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Զավոդսկոյ շրջանում՝ Սարատովի հարավային ծայրամասում, գտնվում է նավթավերամշակման գործարանը, որը նավթային նավահանգիստ ունի Վոլգայի վրա:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է չորս մարզերի տարածքում 17 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Ավելի վաղ ուկրաինական ուժերը հաղորդել էին Զապորոժիե քաղաքի վրա ռուսական զինուժի հարձակման մասին, ինչի հետևանքով 4 մարդ էր զոհվել, 40-ը՝ վիրավորվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զապորոժիեի վրա ռուսական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 40 մարդ