ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կկայանա ամսվա վերջին. Փաշինյանը կմեկնի՞ Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի վերջին՝ Ամանորին ընդառաջ, Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հստակ օրը չնշելով։

Պուտինը նման ոչ պաշտոնական գագաթնաժողովները «բարեկամական շրջապատում» զրույցներ է որակում, որոնց ընթացքում քննարկվում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային հարցեր։

2023-ին ԱՊՀ նիստի նախօրեին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը։ Ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ և մասնակցեց ԵԱՏՄ նիստին, դեկտեմբերի 26-ին էլ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ կարճատև՝ ոտքի վրա զրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սա Ալիևի ու Փաշինյանի առաջին հանդիպումն էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից ու Արցախի հայաթափումից հետո։

Արդյոք Փաշինյանն այս տարի ևս կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, վարչապետի գրասենյակը չի հստակեցում, «Ազատության» հարցմանն ի պատասխան միայն ասացին, որ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ «ժամանակին տրամադրում ենք պատշաճ տեղեկատվություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգի հարցեր

Հայաստանի վարչապետը երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ այսօրվա հանդիպումների օրակարգում Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է