ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան:
Ըստ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության՝ այցի ընթացքում Փաուերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:
Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, նշված է հաղորդագրությունում։
Փաուերը Հայաստանում կլինի մինչև հուլիսի 11-ը։ Հայաստանյան առաքելությունն ավելի վաղ հաղորդել էր, որ նա Երևան է գալիս՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր Փաուերի հետ։ Սամանթա Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։
Փաշինյան-Փաուհեր հանդիպումից օրեր անց ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակը հայտնել էր, որ 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։
1992 թվականից ի վեր՝ Միացյալ Նահանգները մոտ 3.3 միլիարդ դոլարի չափով ներդրումներ է կատարել Հայաստանում՝ ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական աճին և դիմակայունությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կաջակցի «Հայաստանի՝ պայծառ ապագա կառուցելու ձգտումներին»․ Փաուեր