Սահմանն է խաղաղությունը, բայց «եթե գծելով կռիվ է լինելու, էլ ի՞նչ սահման». Սրաշենի բնակիչ

Այրված տան ավերակների տեղում պարոն Արամայիսը խաղողի տնկիներ, խնձորի ու տանձի ծառեր է տնկել, մի դեղձենի էլ ինքն իրեն է աճել ։

Արամայիս Աբրահամյանը, իր տան ավերակն ցույցը տալով, այսօրվա պես հիշում է՝ 93 թվականի ապրիլի 10-ն էր, Սրաշենում ծանր մարտեր էին։ Տանկերով և զրահամեքենաներով գյուղ մտած ադրբեջանցի զինվորականները այրեցին գյուղի տները։ Իր տունն էլ, վստահ է, լվացքի պարանից կախված զինվորական հագուստի պատճառով։

«Խաղաղ բնակիչներ սպանեցին երեք հոգու, տղաներից վիրավորվեցին, տղաներից բռնեցին իրենք։ Դե դուրս եկանք էդ օրը։ Մինչև ժամը 11-ը իրենք մնացին ստեղ, ինչ-որ պետք է վառեցին, տարան, թողին, գնացին, խաչմերուկում նստեցին», - հիշում է նա։

Այրված տան, անասնագոմի, գույքի համար Աբրահամյանը 2000-ականներին փոխհատուցում է ստացել՝ 808 հազար դրամ։ Քանդված տան քարերով մի անկյունում փոքր սենյակ է սարքել, ապրում է լավ կյանքի հույսով։ Ո՞րն է այդ լավ կյանքը. ասում է՝ չպատերազմելը. - «Սահմանը պիտի ուժեղ լինի, սահմանում պիտի ապրող լինի, որ երկիրդ գոյատևի»։

Այրված տան ավերակների տեղում պարոն Արամայիսը խաղողի տնկիներ, խնձորի ու տանձի ծառեր է տնկել, մի դեղձենի էլ ինքն իրեն է աճել ու ճյուղերը այրված տան պատերին հենած արդեն բերք է տալիս, ինքն էլ բերքից օղի ու գինի է թորում։

«Էն շլորը ես եմ տնկել, նայի՝ հիմա ծիրան է դարձել։ Դե ափսոս է, բա ի՞նչ անենք», - ասում է նա, ավելացնելով, - «Բայց, սպասում ենք էդ խաղաղությանը»։

Աբրահամյանն անընդհատ ուզում է այնպես ապրել, կարծես ոչինչ էլ չի եղել, բայց գյուղի դատարկված տները, ավերված տան պատերը, պատերազմից ծանրացած լսողությունն ու առողջական խնդիրները անընդհատ անցյալ են տանում. - «Պայքարել ենք, պայքարում ենք միշտ ճշտի համար։ Խաղաղությունը լավ բան ա։ Քանդելը հեշտ ա, դու տղա ես, կառուցի»։

Արցախյան առաջին պատերազմով անցած 65-ամյա տղամարդը սահմանային դարձած գյուղի բնակիչ է։ 44-օրյա պատերազմից հետո սահմանը նորից մոտեցավ Սրաշենին էլ, սրաշենցիներին էլ։

«Բացառում էին, ասում էին՝ պատերազմ չի լինելու, չի լինելու։ Եկանք, կանգնեցինք դրա առաջ», - նկատում է նա։

Գյուղում այժմ հաշված ընտանիքներ են ապրում։

Խորհրդային միության ժամանակ ծաղկուն գյուղ էր։ Հիշում է՝ ինչպես շրջանային կոպերատիվի վարորդ Վանուշի ադրբեջանցի «պամոշնիկ» Հաբիբը սովետական իշխանություններին խնդրեց թույլատրել Սրաշենի բերրի հողերում տուն կառուցել։ Չմերժեցին, քանի որ մեկ պետություն էր, ադրբեջանական Քյոլլու գյուղի հետ այսօրվա պես դիրքավորված սահմաններ չկային, տարաձայնություններ՝ նույնպես։ Հետո ադրբեջանցի Հաբիբի բարեկամները եկան։

Ներկան, վստահ է, լավ կլինի, եթե սահմանագծում արվի առանց սպառնալիքի. - «Սահմանն է խաղաղություն։ <> Եթե գծելով կռիվ է լինելու, էլ ի՞նչ սահման։ Սահմանը դնում են՝ պետությունը ճանաչելու համար։ Բայց դե ի՞նչ է ուզում ինքը, ի՞նչ ա ուզում», - հարցնում է Արամայիս Աբրահամյանը։

Վստահ չէ, թե ամեն օր նորանոր պահանջներ դնող հարևան պետության նախագահի հետ հեշտ կլինի հաշտության հասնել։ Գոնե հիմա, երբ վերքերը թարմ են, կարծում է՝ ո՛չ առաջվա գնալ-գալը կլինի, ո՛չ հին հարևանությունը. իր տունն այրողին ու 11 սրաշենցիներին սպանողներին ներելն էլ հեշտ բան չէ։

Մանրամասները՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.