Սահմանազատման գործընթացների հաջորդ էտապի վերաբերյալ դեռ որոշում չկա, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ պետք է ավարտել կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը։
ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել։ Առաջիկայում կառավարությունը կանոնակարգը կուղարկի խորհրդարան՝ ներպետական վավերացման։
Ընդդիմադիր խմբակցություններն ասել են, որ կողմ են սահմանազատմանը, սակայն ո՛չ այս կանոնակարգով՝ նշելով՝ այս կանոնակարգով Ադրբեջանը կարող է հատվածային սահմանազատումներ անել, իսկ դրանք կարող են լինել վերջնական ու ոչ շահավետ Հայաստանի համար։
Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ պատրաստվում են Ազգային ժողովում դեմ քվեարկել նախագծին։
Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց՝ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է:
«Որևէ հակասություն չկա գործընթացում», - ասաց փոխվարչապետը:
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ունի յոթ հոդված։ Ըստ դրա՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ հնարավոր է հետագայում, խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացն այլ սկզբունքներով ընթանա։ Մյուս հոդվածները հիմնականում գործընթացի տեխնիկական մանրամասներին են վերաբերում։
Ըստ Հայաստանի իշխանությունների՝ սահմանազատման հանձնաժողովները Երևանում ու Բաքվում կանոնակարգի ներպետական վավերացումից հետո կշարունակեն մոտ 1000 կիլոմետր երկարությամբ սահմանի հետագա սահմանազատումը։
Մոտ 12 կիլոմետրը սահմանազատվեց գարնանը, երբ Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց նախկին ադրբեջանաբնակ չորս գյուղերը՝ առանց այս կանոնակարգի։ Այն ժամանակ Հայաստանի իշխանություններն ասում էին, սա պիլոտային ծրագիր է, որով կողմերը հետագա գործընթացի համար փորձ ձեռք բերեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը ուղարկվում ՍԴ, ԱԺ, իսկ Վրաստանի հետ՝ ոչ
Առավել մանրամասն տե՛ս այստեղ