Տարբեր երկրների առաջնորդներ արդեն շտապել են շնորհավորել Մայա Սանդու Մոլդովայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը:
Վերջինս իր ուղերձում հայտարարել է, որ սա «ապացույց է, որ ռուսական միջամտությունը ձախողվել է»։
«Ամիսներ շարունակ Ռուսաստանը փորձում էր խարխլել Մոլդովայի ժողովրդավարական հաստատություններն ու ընտրական գործընթացները։ Սակայն Ռուսաստանը ձախողվեց», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ։
«Մոլդովայի ժողովուրդը իրականացրել է իրենց ժողովրդավարական իրավունքը՝ ընտրելով իրենց ապագան, և նրանք ընտրել են մի ուղի, որը համընկնում է Եվրոպայի և աշխարհի ժողովրդավարությունների հետ», - հավելել է Բայդենը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նույնպես քննադատել է ռուսական միջամտությունը ընտրություններին։
«Ռուսաստանն իր ամբողջ ուժերով փորձեց խանգարել ընտրություններին, խարխլել Մոլդովայի ժողովրդավարությունը՝ ներառյալ ձայների առքուվաճառք, ապատեղեկատվություն և վնասաբեր կիբեռգործողություններ, սակայն Մոլդովայի ժողովուրդը եկավ և բարձրաձայնեց իր ձայնը», - հայտարարել էր Միլլերը նոյեմբերի 4-ին։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում ևս շնորհավորել է Սանդուին վերընտրման կապակցությամբ. «Հազվագյուտ ուժ է պետք՝ հաղթահարելու այն մարտահրավերները, որոնց բախվել եք այս ընտրություններում»:
Ըստ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Սանդուն ստացել է ձայների 55.35 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն, 44.65 տոկոսը։ Մայա Սանդուի առաջին պաշտոնավարման ժամանակ, 2022 թվականին, երկիրը ստացավ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և այս տարվա սկզբին մեկնարկեց միություն անդամակցելու բանակցությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան ևս առնվազն 4 տարի