Գեղարքունիքի մարզից ռուս սահմանապահ զորքերը դուրս են եկել 2022թ. սեպտեմբերյան դեպքերի նույն օրը (սեպտեմբերի 13-խմբ.)՝ մի քանի ժամ առաջ, այսօր լրագրողներին հայտնեց մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Դրանից հետո իրենք եղել են Վերին Շորժայի հատվածում, փորձել են որևէ գործողություն կազմակերպել՝ հանդիպում ադրբեջանական զինված ուժերի հետ և ռմբակոծության տակ են ընկել։ Սոթքի հատվածում են իրենք եղել», - նշեց նա։
Հարցին, թե իրե՞նց կամքով են հեռացել, թե՞ հորդոր է եղել, մարզպետը պատասխանեց. «Չեմ կարող ասել, գոնե մարզային իշխանությունների կողմից որևէ հորդոր չի եղել»։
Ռուս սահմանապահները արդեն դուրս են եկել նաև Ներքին Հանդի հատվածից, այսօր ավելի վաղ հայտնել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
- Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին հանդիպեցին Մոսկվայում։ Նրանք համաձայնեցրին ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից։
- Հայաստանի իշխող խմբակցության քարտուղարը նույն օրը հստակեցրեց՝ ռուսները դուրս կգան Ադրբեջանի հետ սահմանակից Վայոց Ձորից, Տավուշից ու Սյունիքից, Գեղարքունիքից, Արարատից, սակայն, ծառայությունը կշարունակեն հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանին։