Ռուսական կողմը մայիսի 30-ի գիշերն ընդհանուր առմամբ ութ հրթիռ է արձակել Խարկովի ուղղությամբ, հայտնում են տեղական իշխանությունները։ Խարկովում հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ։
Խարկովում գիշերային հրթիռակոծոթյան հետևանքով չորս մարդ է տուժել, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ ռուս զինվորականները հարվածներ են հասցրել քաղաքի թաղամասերից մեկի կարևոր ենթակառուցվածքին։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, գազատարն ընդհատվել է։
«Վնասվել են նաև մոտակայքի տները», - հավելել է Տերեխովը
Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակումներից մեկն ընկել է Մալայա Դանիլովկա գյուղի վրա։ «Ֆերմայի շենքը տուժել է, հրդեհ է բռնկվել», - հավելել է նա:
«Հինգ պայթյուն է տեղի ունեցել», - գրել է Մալոդանիլովսկայա համայնքի ղեկավար Ալեքսանդր Գոլոլոբովը:
Մայիսի 30-ի գիշերը տագնապի ազդանշան է հնչել ողջ Ուկրաինայում, ներառյալ Կիևը և Կիևի մարզը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարվածների հետևանքով երկու հոգի զոհվել է Ուկրաինայի արևելքում