Քայլեր չձեռնարկելը և այդ փոքրիկ բուֆերը որպես անվտանգություն պահելն առավել մեծ ռիսկեր է պարունակում. իշխանական պատգամավոր

Քայլերը, որոնք Հայաստանի իշխանությունները ձեռնարկում են, ուղղված են այդ բնակավայրերի անվտանգությունն ապահովելու, «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ խոսելով Տավուշում սահմանազատումից։

Նա ընդունում է՝ մարդկանց մտահոգությունները հասկանալի են. - «Մի քիչ ավելի սուր խնդիր կա այն բնակիչների պարագայում, ում մասնավոր սեփականությունը սահմանի վրա է կամ պետական սահմանից գուցե նաև այն կողմ։ Այդ մարդկանց սեփականության հարցը պետք է անպայմանորեն լուծվի», - նշեց նա։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն» - Սահմանամերձ գյուղերում դրությունը չի հանդարտվել, որովհետև մարդիկ ասում են՝ մենք չենք ստացել պատասխան մեր մտահոգության, որ սա կդառնա սահման՝ կայուն, խաղաղ և ոչ թե հակառակը, իրենք ուղիղ թիրախում կհայտնվեն։

Մարիա Կարապետյան - Երևի թե ճիշտ կլինի վերհիշել, թե ինչ հանգամանքներում է, որ Հայաստանի զինված ուժերը Հայաստանի պետական սահմանից առաջ են գնացել, 90-ական թվականները, վաղ 90-ական տվյալ 4 գյուղերի պարագայում, և այո, նպատակը եղել է պաշտպանելու այդ գյուղերը ադրբեջանական հարձակումներից։ Եվ նաև հակամարտության ողջ պատմության ընթացքում նույնիսկ առավել մեծ հեռավորությունից գյուղերը եղել են ադրբեջանական կրակի պարբերական հարձակման ներքո։

«Ազատություն» - Բուֆեր է եղել դա։

Մարիա Կարապետյան - Այո, ամբողջությամբ հասկանալի է բնակիչների անհանգստությունն ապագայի շուրջ, նաև մի քիչ ավելի սուր խնդիր կա այն բնակիչների պարագայում, ում մասնավոր սեփականությունը սահմանի վրա է կամ պետական սահմանից գուցե նաև այն կողմ։ Այդ մարդկանց սեփականության հարցը պետք է անպայմանորեն լուծվի։ Սրանք այն երկու խնդիրներն են, որոնք օբյեկտիվ են, ոչ ոք սրանք չի վիճարկում։

Միևնույն ժամանակ քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք, ուղղված են այդ բնակավայրերի անվտանգությունն ապահովելու։ Իհարկե, ամբողջական երաշխիք չկա, բայց կարող ենք որպես օրինակ վերցնել Հայաստանի հարավային սահմանի այն հատվածները, որտեղ արդեն իսկ տեղակայված են սահմանապահ զորքեր երկու կողմից՝ ի տարբերություն զինված ուժերի, իսկ դա ենթադրում է առավել թեթև ծանրաբեռնվածություն զենքի առումով, և այդ հատվածներում անցյալ տարիներին միջադեպեր կամ չեն գրանցվել, կամ ավելի քիչ են գրանցվել։ Հետևաբար, պետք է քայլ ձեռնարկենք՝ լուծելու այս խնդիրը, նաև հաշվի առնելով, որ քայլեր չձեռնարկելը և այդ փոքրիկ բուֆերը իբրև թե որպես անվտանգություն պահելն իր մեջ պարունակում է առավել մեծ ռիսկեր ոչ միայն այդ գյուղերի ու նրանց բնակիչների համար, այլ նաև ամբողջ Հայաստանի համար։

«Ազատություն» - Բայց միաժամանակ վարչապետը ինքն ասում է, որ էլի չգիտեմ՝ պատերազմ կլինի, թե ոչ։ Եթե չտան այս 4 գյուղերը, ասում է, հաստատ կլինի։ Այդ դեպքում, կներեք, ինչո՞ւ ենք հենց այստեղից։

Մարիա Կարապետյան - Կարծում եմ՝ վարչապետի անկեղծ վերլուծությունը իրավիճակի երբեմն օգտագործվում է իր դեմ։ Նա շատ ճշգրիտ է նկարագրել իրավիճակը՝ եթե քայլ չձեռնարկենք և մնանք խրամատավորված մեր դիրքերում, ապա այո, Ադրբեջանի այն փաստարկը, որ չկա Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր, որի բնակիչները իրենց տներ չեն կարողանում վերադառնալ, իսկ Ադրբեջանի պարագայում ահա կան այս 4 դեռևս 90-ականներից լքված գյուղերը, այս փաստարկը ըմբռնելի է միջազգային հանրության համար, և մենք գնահատել ենք այս փաստը։ Մենք նկատել ենք, որ դա ըմբռնելի փաստարկ է, և հնարավոր հարձակման պարագայում չենք կարողանալու ապահովել միջազգային արձագանք և նաև լեգիտիմություն մեր պաշտպանության։

«Ազատություն» - Այդ փաստարկը Լեռնային Ղարաբաղի դեպքում չաշխատեց. նույն միջազգային հանրությունը չի՞ ըմբռնում, որ կան մարդիկ, որ պիտի իրենց տներ վերադառնան։

Մարիա Կարապետյան - Անշուշտ, բայց նաև Լեռնային Ղարաբաղը միջազգային հանրությունն ընկալում է որպես Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված տարածք, թե պետությունները ողջ տարածքներում են գործողություն ձեռնարկում, տարբերություն տալիս է այդ արձագանքի պարագայում։ Եվ նաև նկատի ունենանք, որ մեր գլոբալ նպատակը նաև խաղաղության օրակարգն է։ Հետևաբար, մենք քայլերը, այո, այս միջազգային արձագանքի դիտանկյունից էլ պետք է գնահատենք, բայց նաև պետք է գնահատենք այն առումով, թե արդյոք դա մեզ մոտեցնում է խաղաղությանը, թե ոչ։ Եվս մի կարևոր հանգամանք այս ամբողջ պատմության մեջ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանի ճանաչումն է Ադրբեջանի կողմից, այսինքն՝ այդ գծի մի որևէ հատվածում ճանաչումը։

Հասկանալի է, որ եթե մեր նախապատվությանը թողնվեր, մենք սահմանազատում ու սահմանագծում կսկսեինք, օրինակ, Ջերմուկի հարակից հատվածից։ Դա ըմբռնելի է, բայց սկսել ենք այնտեղից, որտեղ երկուստեք հնարավոր է եղել դա անել, և նպատակադրում ունենք, իհարկե, շարունակելու այս գործընթացը, այժմ, երբ ունենք այդ նախադեպը։