Առաջինը ռուսները կիմանան հեռահար զինատեսակներով ռուսական տարածքի խորքերը հարվածելու արևմտյան դաշնակիցների թույլտվության մասին, ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ մինչ այժմ այս հարցում «վերջնական որոշում չկա», այսինքն՝ նման թույլտվություն դեռ չի տրվել։
Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ վարչակազմը դեռ քննարկում է այս հարցը։
Նիկիֆորովի խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ այցի ընթացքում բանակցություններ է վարել բոլոր այն երկրների հետ, որոնցից կախված է արևմտյան զենքով ռուսական տարածքի խորքը հարվածներ թույլ տալու որոշումը։
«Գործընկերների վրա Ուկրաինայի կողմից հսկայական ճնշում կա, մենք հուսով ենք, որ գործընկերները կզիջեն»,- ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլեինքենը, պատասխանելով հարցին, թե Կիևը կստանա՞ արևմտյան զենք օգտագործելու թույլտվություն, պատասխանել է, որ Ուկրաինայի վարչակազմը և գործընկերները ուսումնասիրում են այս պլանի մանրամասները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ պնդել էր, որ սա Մոսկվայում կընկալվի որպես ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավում Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը, թույլ տալով Ուկրաինային հարվածել ՌԴ-ին իր հեռահար հրթիռներով, կներքաշվի պատերազմի մեջ. Պուտին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին «անհապաղ կատարել» մատակարարումների վերաբերյալ համաձայնությունները