Ռուսաստանը վաղ առավոտյան հրթիռային լայնամասշտաբ հարձակում է գործել Ուկրաինայի վրա: Ավիացիայի և բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքի պատճառով օդային տագնապ է հայտարարվել ողջ երկրում։
Հարձակման թիրախում են եղել Սումին, Պոլտավան, Լուգանսկը, Դնեպրոպետրովսկը և մի շարք այլ շրջաններ: Կիևում հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով երեք տուն է վնասվել, Սումիի շրջանի Շոստկա քաղաքում վնասվել է տասներկու բարձրահարկ շենք և ենթակառուցվածքներ: Տուժածների մասին չի հաղորդվում:
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Սմոլենսկի մարզի Յարցևո շրջանում գտնվող նավթապահեստին, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ Սև ծովում ռուսական երկու ուղղաթիռ է խոցել: Պայթյուններ են որոտացել Սևաստոպոլի շրջանում, որտեղ դադարեցվել են ծովային ուղևորափոխադրումները։
Ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել նաև ռուսական Տուապսեի, Կրասնոդարի և Նովոռոսիյսկի շրջաններում: Ռոսավիացիան հայտնել է, որ թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամանակավորապես դադարեցվել է Կազանի օդանավակայանի աշխատանքը:
Փոխադարձ այս հարվածներից ժամեր առաջ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ Ուկրաինային ընդհանուր 5.9 մլրդ դոլարի հավելյալ օգնություն կտրամադրի: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե օգնությունն ստացվում է շատ կարևոր պահի և կնպաստի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանը ռազմաճակատի գծի երկայնքով:
«Մեր գործընկերների կողմից համերաշխության յուրաքանչյուր գործողություն կյանքեր է փրկում, ամրապնդում է մեր անկախությունը, ուժեղացնում մեր դիմակայունությունը: Այն նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ուժեղ են ինքնակալ ագրեսորներից», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Պատերազմի մոտ երեք տարվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդհանուր 175 մլրդ դոլարի օգնություն է հաստատել Ուկրաինայի համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զելենսկի. ԱՄՆ 5.9 մլրդ դոլարի նոր օգնությունը կնպաստի Ուկրաինայի պաշտպանության ամրապնդմանըԱՄՆ-ը 3,4 միլիարդ դոլարի լրացուցիչ բյուջետային օգնություն է ուղարկել ՈւկրաինայինՈւկրաինան 2,5 միլիարդ դոլարի հավելյալ օգնություն կստանա. ԲայդենԳերիների հերթական փոխանակումը
Այսօրվա հարձակումներից մեկ օր առաջ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն էին իրականացնել, որի շրջանակում յուրաքանչյուր կողմը վերադարձրել է 150 ռազմագերի, թեև Ուկրաինայի նախագահն ավելի ուշ X-ի իր էջում գրեց, որ ռուսական կողմը վերադարձրել է Ուկրաինայի 189 քաղաքացու:
«Նրանք զինվորականներ են, որոնք պաշտպանել են «Ազովստալ»-ն ու Մարիուպոլը, Չեռնոբիլի ԱԷԿ-ը, Զմեինի կղզին, և մեր զինծառայողներն են առաջնագծի տարբեր ուղղություններից, և երկու խաղաղ բնակիչ, որոնց ռուսները գերեվարել էին Մարիուպոլում։ 189 ուկրաինացի վերադարձել է հայրենիք,189 ընտանիք կրկին երջանիկ է: Ես երախտապարտ եմ մեր գործընկերներին, որոնք օգնում են մեզ այս կարևոր գործում», - գրել է Զելենսկին։
Փոխանակման շուրջ բանակցությունները տեղի էին ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Կիևն ու Մոսկվան ռազմագերիների փոխանակում իրականացնում են պարբերաբար։ Լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր արդեն 59 նման փոխանակում է տեղի է ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների հերթական փոխանակումն են իրականացրելԿրակը դադարեցնելու հարցում առաջընթաց չկա
Վերջին շաբաթներին ռուսական ուժերը թեև փոքր, բայց կայուն ձեռքբերումներ են ունեցել մարտի դաշտում, մասնավորապես Խարկովի շրջանի հյուսիսարևելյան և Դոնեցկի շրջանի արևելյան հատվածում, գրավել մի քանի բնակավայրեր:
Մինչդեռ կրակը դադարեցնելու հարցում առաջընթաց, կարծես թե, չկա: Օրերս Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Մոսկվան դեմ է Կիևի հետ ժամանակավոր հրադադարի գաղափարին և ցանկանում է Ուկրաինայի հետ տևական խաղաղության համար իրավական ուժ ունեցող համաձայնություն ձեռք բերել, որը կերաշխավորի թե՛ Ռուսաստանի, թե՛ նրա հարևանների անվտանգությունը:
Սերգեյ Լավրովը նաև ասել էր, թե Մոսկվան ցանկանում է, որ իրավական փաստաթղթերն այնպես ձևակերպվեն, որպեսզի ապահովեն «այդ պայմանավորվածությունների խախտման անհնարինությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան դեմ է Կիևի հետ ժամանակավոր հրադադարի գաղափարին. ԼավրովԶելենսկին, սակայն, պնդում է, որ Ռուսաստանի հետ հրադադարը կարող է հնարավոր լինել, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ մինչ այդ Ուկրաինան պատրաստ է քննարկել արևմտյան որևէ երկրի զորքերի հնարավոր տեղակայման հարցը, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ընթացող պատերազմի պայմաններում։ Ըստ նրա՝ այդ զորքերը կարող են Ուկրաինայում մնալ այնքան, մինչև այն կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: