Ուկրաինական ուժերը, դժվարություններ կրելով թվաքանակի պակասի և ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների ամիսներ տևած դադարի հետևանքով, կռվում էին ճակատային գծում ռուսական առաջխաղացումը կասեցնելու համար: Իսկ ինչո՞ւ այժմ Ուկրաինան այժմ ձեռնարկեց պատերազմի սկզբից ի վեր խոշորագույն ներխուժումը ռուսական տարածք:
«Անկեղծ ասած, զարմացած եմ՝ ինչպես են մեր տղաները կարողանում պաշտպանել իրենց գծերը: Նրանք ամբողջովին հյուծված են՝ ո՛չ բավականաչափ թվաքանակ, ո՛չ բավարար զինամթերք», - ասել է մի ուկրաինացի ռազմական փորձագետ:
Ուկրաինան պայքարում է՝ հետ մղելու ռուսական առաջխաղացումները: Հետևաբար՝ ինչո՞ւ սկսել համարձակ ներխուժում ռուսական տարածք հենց հիմա:
Մոսկվայի լայնածաված ներխուժումից ի վեր Ուկրաինան պարբերաբար խախտել է Ռուսաստանի հետ սահմանը՝ ընդհատակյա գործողություններ իրականացնող հետախուզության օպերատիվ աշխատողներ, հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող օդանավակայաններ թիրախավորող անօդաչու թռչող սարքեր, սահմանամերձ գյուղեր արշավող ոչ պաշտոնական աշխարհազորային խմբավորումներ:
Այս անգամ այլ է:
Հարյուրավոր համազգեստավոր ուկրաինացի զինվորականներ՝ զրահամեքենաների և այլ ծանր զինտեխնիկայի աջակցությամբ, այս շաբաթ մխրճվեցին Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի Սումի քաղաքից հյուսիս: Օգոստոսի 9-ի դրությամբ ուկրաինական զորքերը վերահսկողություն են հաստատել շուրջ 600 քառակուսի կիլոմետր տարածքի և ավելի քան երկու տասնյակ բնակավայրերի նկատմամբ, ինչպես վկայում են տեղական պաշտոնյաները, ռազմական բլոգերները և հետախուզության՝ բաց աղբյուրների վրա հիմնվող հաղորդումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորրորդ օրն է Կուրսկում մարտերը շարունակվում են, մարզում արտակարգ դրություն է հայտարարվելԳլխապտույտ ներխուժումը, որն ուկրաինական ուժերի կողմից խոշորագույնն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր, իրականացվեց, երբ ուկրաինական զորքերը կռվում են 1100-կիլոմետրանոց ռազմաճակատի հարավային ուղղությամբ առնվազն երեք հատվածում ռուսական առաջխաղացումը կասեցնելու համար: Ռուսական զորքերը մոտենում են Դոնբասի գլխավոր մայրուղիներից մեկին, որի գրավումը կվտանգի ուկրաինական մատակարարումների ուղիներն ամբողջ ռազմաճակատի երկայնքով:
«Իրավիճակն ընդհանուր առմամբ լավ չէ ուկրաինական զորքերի համար», - ասել է ուկրաինացի ռազմական փորձագետ և հետախուզության նախկին սպա Իվան Ստուպակը: Ռուսաստանի «հիմնական գաղափարն է բաժանել Ուկրաինայի զինված ուժերը երկու մասի՝ մասնատել թշնամուն և ջանալ ոչնչացնել նրանց մաս առ մաս, քայլ առ քայլ: Այդպես ոչնչացնելը շատ ավելի հեշտ է»:
Ահա թե ինչ տեսք ունի մարտի դաշտը Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ ցամաքային պատերազմի մոտ 900 օրերից հետո:
Ուկրաինայի համար վատ լուրը
Պոկրովսկ լոգիստիկ հանգույցից հարավ-արևելք իրավիճակը «շատ ավելի վտանգավոր» և «կրիտիկական» է, ըստ ռազմական փորձագետների և բաց աղբյուրների վրա հիմնվող վերլուծաբանների: Այստեղ իրավիճակը հօգուտ Ռուսաստանի է շրջվել ապրիլին, երբ նրա զինված ուժերը գրավեցին Օչերետինե գյուղը Ուկրաինայի զինված ուժերում ռոտացիայի շրջանում, որը որոշ հաղորդումներում ձախողված էր որակվել, և այդ պահից սկսած անշեղորեն առաջանում են դեպի արևմուտք և հյուսիս:
Օգոստոսի 6-ի դրությամբ, ըստ հաղորդումների, ռուսական ուժերը T-0504 մայրուղուց մոտ 5 կիլոմետր հեռու գտնվող Վոզդիժենկա գյուղի մատույցներում էին:
«Պոկրովսկի ուղղությամբ իրավիճակը ծայրաստիճան դժվարին է», - հայտարարել է Պաշտպանական ռազմավարությունների կենտրոնը՝ Կիևում գործող հետազոտական կենտրոն, որ գլխավորում է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար:
Պոկրովսկից դուրս եկող մայրուղին` հայտնի որպես N23 կամ T-0504, ուղղվում է դեպի արևելք, ապա՝ հյուսիս-արևելք, դեպի Կոստյանտինիվկա՝ երկաթուղային հանգույց քաղաք, որն ուկրաինական զորքերի մատակարարումների կարևորագույն ուղի է և որը վերահսկել Ռուսաստանն անչափ շատ է ուզում:
Ճիշտ է, այդ ճանապարհը միակը չէ մարտադաշտի տվյալ հատվածում, սակայն լավագույնն է, ասել է Ստուպակը. մյուս ճանապարհները շրջանցիկ են, ասֆալտապատված չեն, ինչը նշանակում է ավելի փոքր արագություններ, իսկ անձրևային եղանակներին ուկրաինական լեգենդար ցեխը դրանք գրեթե անանցանելի է դարձնում: «Եթե կտրում եք այդ ճանապարհը, ուկրաինական զորքերն սկսում են տուժել: Դա պատերազմի վերջը չէ, բայց նաև լավ էլ չէ», - ընդգծել է Ստուպակը:
Եթե առաջիկա օրերին և շաբաթներին դրամատիկ փոփոխություններ չլինեն, Ռուսաստանը վերահսկողության տակ կառնի մայրուղին՝ է՛լ ավելի թուլացնելով Ուկրաինայի քայքայված պաշտպանությունը:
Ինչը և կարող է լինել Ռուսաստան ներխուժելու Ուկրաինայի որոշման պատճառը:
«Քիչ է ասելը, թե Կուրսկի մարզ այս ներխուժումն անակնկալ էր շատերի, այդ թվում՝ Ռուսաստանի հրամանատարության համար», - նշել է Տատարիգամի անվան տակ գրող ուկրաինացի ռազմական դիտորդը:
Արշավանքի մասին նախնական հաղորդումներից հետո երեք օր ուկրաինացի պաշտոնյաները ոչինչ չէին խոսում՝ բացի ենթադրություններից, որ ռուսական պաշտոնական զեկույցները մեծապես նվազեցնում են դրա մասշտաբները: Օգոստոսի 8-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկեց. - «Բոլորը կարող են տեսնել, որ ուկրաինական բանակը գիտի ինչպես զարմացնել: Եվ գիտի ինչպես հասնել արդյունքների»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՌԴ-ն պատերազմ է բերել իմ երկրին և պետք է զգա իր արածը»․ ԶելենսկիԶելենսկու խորհրդականներից Միխայիլ Պոդոլյակը պակաս քողարկված հաստատմամբ հանդես եկավ. - «Պատերազմը պատերազմ է՝ իր կանոններով, որտեղ ագրեսորը հնձում է ինչ ցանել է», - գրեց նա Տելեգրամում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են արդեն երրորդ օրըՍակայն ռուսաստանյան իշխանությունները, ռազմական բլոգերները, տեղական պաշտոնյաները և բնակիչները մատնանշում են արտասովոր մեծ ներխուժող ուժ՝ զրահամեքենաներով և նույնիսկ տանկերով, որն արագ շարժվում է՝ հաղթահարելով ռուսական թեթև պաշտպանությունը և թերզարգացած սահմանապահ ստորաբաժանումները: Ըստ վերլուծաբանների՝ ներգրավված մեքենաները, ներառյալ Միացյալ Նահանգների կողմից մատակարարված Stryker զրահամեքենաները, որպես գործողությունն առաջնորդող մատնանշում են Ուկրաինայի 22-րդ մեխանիզացված բրիգադը՝ Ուկրաինայի՝ մարտերում ամենաշատը կոփված ստորաբաժանումներից մեկը:
Արբանյակային լուսանկարներից և ուկրաինական բանակի հետ կապեր ունեցող Deep State բաց աղբյուրների հետ աշխատող կազմակերպության հաղորդումներից կարելի է ենթադրել, որ որոշ տեղերում զորքերը սահմանից առաջացել են 90 կիլոմետր: Ռուսաստանցի բլոգերները նշում են նույնպիսի առաջխաղացումներ:
Ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ուկրաինական վերլուծաբանների գնահատմամբ՝ օգոստոսի 9-ի դրությամբ գրավված տարածքի մակերեսը 500-ից 600 քառակուսի կիլոմետր է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 7-ին Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց, որը բացեց հեռուստատեսությամբ հեռարձակված խոսքով և հարձակումը «լայնամասշտաբ սադրանք» որակեց: Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարեց, որ ուժերը կարող են մի ամբողջ գումարտակի չափ լինել՝ 1000 մարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը «լայնածավալ սադրանք» է որակում ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկ, «կոշտ հակահարված» խոստանումԿուրսկի մարզի սահմանամերձ Սուջա քաղաքի բնակիչները Տելեգրամով օգոստոսի 8-ին տեսանյութ տարածեցին, որում վրդովմունքով պնդում էին, որ Պուտինին իր հրամանատարները մոլորեցնում են ներխուժման մասշտաբի առնչությամբ: «Այդ ստերի հետևանքով բնակիչներ են մեռնում», - ասում էր մի կին, - «Ռազմական հրամանատարները ձեզ ասում են, թե իրավիճակը վերահսկվում է, բայց այսօր ուժեղ մարտեր են ընթանում»:
Գործողության նպատակը պարզ չէ, և վերլուծաբաններն ասում են, որ լուրջ մարտավարական հաջողության շանսերը նվազ են: Ռազմաճակատից փորձառու գումարտակի շեղումը անորոշ ներխուժման համար խնդրահարույց է. ուկրաինացի հրամանատարներն իրենց տրամադրության տակ չունեն մարդկային կամ զինտեխնիկայի մեծ ռեզերվներ, ինչի պատճառով դժվարանում են կասեցնել Դոնբասում ռուսական զորքերի առաջխաղացումը:
Ուկրաինան նաև չի ծանուցել զենքի իր խոշորագույն մատակարարին՝ Միացյալ Նահանգներին, սպասվող ներխուժման մասին:
Հունիսին Միացյալ Նահանգների վարչակազմը մեղմացրեց իր քաղաքականությունը և կանաչ լույս վառեց ամերիկյան զենքը Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում թիրախների դեմ օգտագործելու համար:
Չնայած նախապես տեղեկացված չլինելուն, ամերիկյան վարչակազմը, ըստ Միացյալ Նահանգների մի շարք պաշտոնյաների, ներխուժումը չի համարում ԱՄՆ-ի սահմանած արգելքների խախտում:
Հատելով ջրանցքը
Պոկրովսկից շուրջ 55 կիլոմետր հյուսիս-արևելք, T-0504 մայրուղու մյուս ծայրում, Կոստյանտինիվկան է՝ հյուսիս-արևմուտք՝ դեպի ավելի մեծ Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքներ տանող երկաթուղով: Այս քաղաքներում ուկրաինական ուժերն ունեն հոսպիտալներ, հրամանատարական կետեր և այլ կարևորագույն ենթակառուցվածքներ:
Ռուսաստանն ուզում է Կոստյանտինիվկան, բայց այն գրավելու համար Մոսկվայի ուժերը պետք է վերցնեն Չասիվ Յարը՝ բարձրադիր քաղաք՝ Սիվերսկի Դոնեց-Սոնբաս ջրանցքով, որը բաժանում է քաղաքի հիմնական թաղամասն արևելյան Կանալ թաղամասից:
Ռուսական զորքերն ամբողջ Կանալ թաղամասը գրավել են հունիսին և առաջ են շարժվել դեպի բուն ջրանցքը՝ պաշտպանական բնագիծ, որը կարևորագույն նշանակություն ունի ուկրաինացիների համար: Անցած ամիսներին ռուս զինվորների փոքր խմբեր փորձել են հատել ջրանցքը և դիրքեր կառուցել դրա արևմտյան կողմում: Ռուսական այլ ստորաբաժանումներ նաև փորձել են դիրքավորվել ջրանցքի ափերին հյուսիսից և հարավից:
Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ մեխանիզացված բրիգադի խոսնակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հետ զրույցում հաստատել է ռուսների հարձակումների մասին տեղեկությունները, բայց հերքել է ջրանցքը հատելու և մյուս կողմում դիրքավորվելու մասին լուրերը. - «Տվյալ պահին, դա ճիշտ չէ: Նման բան չկա»:
Ուկրաինայի բանակի պաշտոնաթող գնդապետ Սերհիյ Հրաբսկին ասել է, որ գրոհող ռուսական ստորաբաժանումները դեռևս տանկերի կամ հրետանու կողմից չաջակցվող հետևակայիններ են: Ուկրաինայի համար «մարտավարությունը հյուծող է, բայց ռուսները դեռ կարողանում են առաջանալ թվային առավելության շնորհիվ», - ասել է Հրաբսկին՝ շարունակելով. - «Հարցն այն է, թե որքան երկար նրանք կարող են շարունակել այդ կերպ»:
Նյու-Յորկ՝ դժոխային ավան
Պոկրովսկից արևելք, ռուսական ստորաբաժանումները հաջողություններ են արձանագրել դեպի Նյու-Յորկ կոչվող ավան առաջխաղացմամբ: Օգոստոսի 7-ին ռուսական ռազմական բլոգերները հաղորդեցին, որ ռուսական զորքերը մուտք են գործել ավանի թաղամասերից մեկը:
Սա մեծացրել է ուկրաինական պաշտպանության նկատմամբ ճնշումը հյուսիսային՝ Տորեցկ քաղաքի ուղղությամբ, որտեղ ևս ռուսական զորքերն աստիճանաբար առաջանում են:
Տորեցկի գրավումը Ռուսաստանին վերահսկողություն կտա ավելի լայն, փռված շրջանի նկատմամբ, որն ընդգրկում է Դոնեցկը և Հորլիվկան, Մակիյիվկան ու այլ արդյունաբերական քաղաքներ, ասել է Հրաբսկին: Տորեցկի գրավումը կսպառնա նաև 22 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող Կոստյանտինիվկային:
Միաժամանակ, պաշտոնաթող գնդապետն ընդգծել է, որ դա ուկրաինական դիրքերի տոտալ խզում չի պատճառի, քանի որ ուկրաինացիները կարողացել են կառուցել այլ պաշտպանական գծեր:
Սպասեք, Ուկրաինան նոր չէ՞ր զորահավաք անցկացրել
Մարդուժը ուկրաինացի հրամանատարների առջև ծառացող մեծագույն խնդիրներից է: Մինչ Ռուսաստանը կարողանում է համալրել իր ստորաբաժանումները արտասովոր բարձր աշխատավարձերով և նպաստներով կամավորների գայթակղելով, Ուկրաինան հապաղել է զորահավաքի կանոններն ամրագրող օրենսդրության հարցում՝ օրենքն ընդունվեց այս տարվա մայիսին:
Ռազմաճակատի որոշ ստորաբաժանումներ արդեն զեկուցել են նորակոչիկների ժամանելու մասին, և ըստ Հրաբսկիի՝ նոր զինծառայողները հիմնական զանգվածը տեսանելի կլինի մինչև սեպտեմբերի կեսերը:
«Անկեղծ ասած, զարմացած եմ՝ ինչպես են մեր տղաները կարողանում պաշտպանել իրենց գծերը: Նրանք ամբողջովին հյուծված են՝ ո՛չ բավականաչափ թվաքանակ, ո՛չ բավարար զինամթերք», - ասել է պաշտոնաթող գնդապետը:
Համալրումը, Հրաբսկիի կարծիքով, կկայունացնի առաջնագիծը, սակայն մեկ այլ հակահարձակում ձեռնարկելը, ինչպես հաջողությամբ արվեց 2022-ին և անհաջող՝ անցած տարի, առայժմ հավանաբար անհնար է:
«Կասկածում եմ, թե ուկրաինական ուժերն ունակ կլինեն որևէ բան անել մինչև 2025-ի կեսերը», - ասել է ուկրաինացի ռազմական փորձագետը:
Հեղինակ՝ Մայք Էքել