Ռուսական ռազմական ինքնաթիռները պետք է ոչնչացվեն ցանկացած վայրում և բոլոր արդյունավետ միջոցներով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովին ռուսական հերթական հարվածից հետո։
«Ռուսական ռազմական ավիացիան, որն իրականացնում է այդ հարձակումները ոչ միայն Խարկովի, այլև մեր մյուս քաղաքների, համայնքների, դիրքերի վրա, պետք է ոչնչացվի այնտեղ, որտեղ կա՝ բոլոր արդյունավետ միջոցներով։ Ռուսական օդանավակայաններին հարվածներն արդարացի են։ Եվ մեզ անհրաժեշտ է այս անվտանգության լուծումը՝ համատեղ լուծումը, մեր գործընկերների հետ», - ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։
Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ շեշտել է՝ Ռուսաստանի տարածքում՝ սահմանի մոտ, հարվածների համակարգումը հնարավորություն է տվել «ոչնչացնել ռուսական ահաբեկչական ներուժի մի մասը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական ռազմական ինքնաթիռն առաջին անգամ ՌԴ տարածքում թիրախ է խոցել․ Sky NewsՆախօրեին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հունիսի սկզբից ռուսական զորքերը Ուկրաինայի դեմ ավելի քան 2 հազար 400 կառավարվող ռումբ են կիրառել, որոնցից մոտ 700-ը՝ Խարկովի շրջանի ուղղությամբ։
Հունիսի 23-ին, ժամը 15-ի սահմաններում, Խարկովի շրջանում պայթյուններ են որոտացել։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ Շևչենկովսկի թաղամասում ուսումնական հաստատություն է վնասվել, Խոլոդնոգորսկի թաղամասում երկու տուն է ավերվել, Խարկովի մի մասը հոսանքազրկվել է։ Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ, մեկ մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։
Մոսկվան լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր հերքում է խաղաղ բնակչության թիրախավորումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերը հրթիռներով թիրախավորել են Կիևի շրջանը