Ռումինիայի «TikTok-ի արքան» կապված է նախագահի ծայրահեղ աջ թեկնածուի օգտին քարոզող ենթադրյալ սխեմայի հետ

Առեղծվածային ծրագրավորողը, ով, ըստ որոշ տեղեկությունների, շքեղ ապրելակերպ է վարում, դարձել է առանցքային թիրախ այն պնդումների, թե նախագահի ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուն օգտվել է ազդեցության գաղտնի քարոզարշավներից, այդ թվում՝ Ռուսաստանից

Առնվազն Ռումինիայում Բոգդան Պեշիրը հայտնի էր որպես «TikTok-ի արքա»։ Նա առեղծվածային անձնավորություն է, ով ներգրավված է կրիպտոարժույթային գործառնություններում և հարթակի օգտատերերին հայտնի է իր առատաձեռն նվիրատվություններով:

Բայց այժմ 36-ամյա ծրագրավորողը, ով, ըստ որոշ տեղեկությունների, շքեղ ապրելակերպ է վարում, առանցքային թիրախ է դարձել այն պնդումների, թե նախագահի ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուն օգտվել է ազդեցության գաղտնի քարոզարշավներից, այդ թվում՝ Ռուսաստանից:

Ջորջեսկուն նոյեմբերի 24-ին Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի անսպասելի հաղթողն էր։ Լինելով քիչ հայտնի քաղաքական գործիչ, նա կարողացել է հավաքել քվեների 23 տոկոսը։ Առաջին փուլի հաջողությունը նրան դուրս բերեց երկրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը պետք է լիներ արևմտամետ, կենտրոնամետ գործիչ Ելենա Լասկոնին։ Սակայն Ռումինիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 6-ին չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքը՝ կառավարությանը թողնելով նոր նախագահական ընտրությունների անցկացման օրը որոշելը։

TikTok-ի հազարավոր օգտահաշիվներ են ներգրավվել Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում Կալին Ջորջեսկուի ժողովրդականությունը խթանելու համար

Քաղաքական վերլուծաբանները տարակուսած էին, թե ինչպես է 62-ամյա գյուղատնտեսական ինժեներ Ջորջեսկուն, ով քարոզարշավ էր տանում ռուսամետ և հակաՆԱՏՕ-ական թեզերով, կարողացել հասնել նման հաջողության։ Շատերը նրա անակնկալ արդյունքը վերագրեցին հիմնականում TikTok-ում քարոզարշավին, որը շահեց բազմաթիվ երիտասարդների և Ռումինիայի սփյուռքի ներկայացուցիչների քվեները:

Մինչ TikTok-ի քարոզարշավի վերաբերյալ կասկածները մեծանում էին, Ռումինիայի Ազգային պաշտպանության գերագույն խորհուրդը դեկտեմբերի 4-ին՝ այժմ չեղարկված դեկտեմբերի 8-ի երկրորդ փուլից չորս օր առաջ, գաղտնազերծեց հետախուզական գրառումները, որոնք պնդում էին, որ Ջորջեսկուն օգտվել է սոցիալական մեդիայով իրականացված համակարգված արշավից, որը, ամենայն հավանականությամբ, կազմակերպված էր «պետական դերակատարի» կողմից։

Մոտ 25 հազար TikTok օգտահաշիվներ են օգտագործվել Ջորջեսկուի ժողովրդականությունը խթանելու համար։ Հարթակում ներգրավվել էին այսպես կոչված ինֆլուենսերներ՝ Ջորջեսկուին հրապարակայնորեն աջակցելու եւ անուղղակիորեն գովազդելու համար նրա հետ կապված հեշթեգներ պարունակող գրառումների միջոցով, ասված է գաղտնազերծված գրառումներում: Ջորջեսկուն ասել է, որ ոչինչ չի ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։

Ըստ հետախուզության տվյալների՝ Պեշիրն այդ արշավի նշանավոր օժանդակողն էր։

Ըստ այդ տվյալների՝ օգտագործելով իր TikTok-ային "bogpr" անունը, նա «2024 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 24-ը 381 հազար ԱՄՆ դոլարի վճարումներ է կատարել TikTok-ի որոշ հաշիվների օգտատերերին, որոնք ներգրավված են թեկնածու Կալին Ջորջեսկուի առաջխաղացման մեջ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ավարտից հետո», ինչը Ռումինիայի օրենսդրության խախտում է համարվում։

Դրանից հետո Պեշիրը հերքել է, թե ֆինանսավորել է Ջորջեսկուի քարոզարշավը՝ ասելով, որ թեև իր նվիրատվությունների մի մասն ուղղվել էր թեկնածուի կողմնակիցներին, մնացած գումարները փոխանցվել էին բարեգործական կազմակերպությունների, ապաքաղաքական և այլ թեկնածուների աջակցող TikTok օգտահաշիվներին:

Դեկտեմբերի 6-ին նա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ որևէ կապ չունի Ջորջեսկուի հետ։

«Ես ոչ մի նյութական կամ անձնական շահ չունեմ, ուղղակի կամովին աջակցել եմ նրան գրառումներով ու մեկնաբանություններով», - գրավոր մեկնաբանություններում հայտարարել է նա:

«Այդ փաստաթղթում նշվում են միայն [Ջորջեսկուի] կողմնակիցները, ինչն ինձ անհեթեթ է թվում։ Ես ոչ մի համաձայնություն չեմ ունեցել որևէ մարդկանց հետ, որ նվիրատվություններ եմ անելու այս կամ այն թեկնածուին աջակցելու համար»,- հավելել է Պեշիրը:

Դեկտեմբերի 6-ի, ընտրությունները չեղյալ հայտարարելուց անմիջապես առաջ, ֆեյսբուքյան գրառման մեջ Պեշիրը մեղադրել է լրատվամիջոցներին ոտնձգությունների մեջ և սպառնացել դատական գործ հարուցել:

Պատասխանելով մեկնաբանությունների բաժնում այն հարցին, թե որտեղի՞ց են այդ գումարները՝ Պեշիրը գրել է՝ «դա ձեր գործը չէ»:

«Ես պետության վրա կամ պետության հետ աշխատող մարդ չեմ, որ իմ եկամուտները հրապարակայնորեն հայտարարագրեմ», - գրել է նա։

Պեշիրի գրառումը նրա՝ գրառումների նոսրությամբ աչքի ընկնող ֆեյսբուքյան էջի սակավաթիվ գրառումներից էր։ Դրանց թվում են նաև դեռևս 2020 թվականին արված գրառումները Ջորջեսկուի մասին, որտեղ այն ժամանակ լայն հանրությանն անհայտ ապագա նախագահի թեկնածունբողոքում էր COVID-19-ի տարածման դեմ պայքարում կառավարության միջոցառումներից ու COVID-19-ը «վախի և հիմարության համաճարակ» էր անվանում։

Ենթադրաբար անհամապատասխան «կենսամակարդակ»

Վերջին ամիսներին bogpr-ը TikTok-ում հայտնի դարձավ որպես հարթակում բովանդակություն ստեղծողների համար զգալի նվիրատվություններ անող օգտահաշիվ՝ հավաքելով ավելի քան 191 հազար հետևորդ և 1.1 միլիոն հավանում։

Մարտին նա տասնյակ հազարավոր եվրոներ է նվիրաբերել Ռումինիայում ծագած՝ մանելե կոչվող փոփ ֆոլքի ժանրում երգող երգիչներին, ինչը նրա ինքնության և շարժառիթների մասին շահարկումների առիթ դարձավ: TikTok-ի որոշ օգտատերեր պնդում էին, որ նա կարող է լինել հարուստ գործարարի կամ հանցավոր կլանի անդամի հայտնի որդին:

Նոյեմբերին bogpr-ը սկսեց գումարներ նվիրաբերել ռումինացի ինֆլուենսերներին՝ Ջորջեսկուին աջակցելու համար: Ներքին գործերի նախարարության գաղտնազերծված փաստաթղթի համաձայն, այդ նախաձեռնությանը մասնակցել են հարյուրից ավելի ինֆլուենսերներ՝ ընդհանուր առմամբ ավելի քան 8 միլիոն հետևորդներով: Քարոզչական գրառումները չեն նշվել որպես վճարովի քաղաքական քարոզարշավի մաս կազմող գրառումներ:

Չնայած իր ինքնությունը գաղտնի պահելու փորձերին, վերջերս ռումինական Gandul թերթն ի դեմս bogpr-ի նույնականացրեց Պեշիրին:

Ըստ իր առցանց պրոֆիլի, Պեշիրը կարիերայի մեծ մասն անցկացրել է կրիպտոարժույթի ոլորտում, հիմնականում այն ընկերությունների հետ, որոնք ներգրավված են նույն գործընկերների հետ, այդ թվում՝ ռումինացի Գաբրիել Պրոդանեսկուն, ով 1995 թվականին Հարավային Աֆրիկայի քաղաքացիություն է ստացել:

Այս ընկերություններից մեկը՝ BitXATM Technology ռումինական ընկերությունը, հիմնադրվել է 12 տարի առաջ և զբաղվել է կրիպտո բանկոմատների գործարկմամբ՝ սարքեր, որոնք թույլ են տալիս կրիպտոարժույթ գնել կանխիկով կամ որոշ դեպքերում կանխիկ գումար ստանալ կրիպտոարժույթի դիմաց:

Ընկերության փաստաթղթերը ցույց են տալիս, որ BitXATM Technology-ն անցյալ տարի չի հայտնել որևէ աշխատող, շրջանառություն կամ շահույթ ունենալու մասին՝ փոխարենը հայտնելով մոտ 300 հազար դոլար պարտքի մասին:

Աշխատատեղեր գովազդող կայքում ներկայացված է Բոգդան Պեշիր օգտանունով տղամարդու պրոֆիլը, որը թվարկում է BitXATM-ը և կրիպտոարժույթի հետ կապված մեկ այլ ապրանքանիշ՝ mTicket, որպես իր նախկին աշխատավայրեր: «Ազատություն» ռադիոկայանը սոցցանցերում գտել է այս երկու ապրանքանիշերի գրառումները, որոնցում ներկայացված են մի տղամարդու լուսանկարներ, ով նման է աշխատանքը գովազդող էջում ներկայացված տղամարդուն: Այս նկարներից մեկն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն ուղարկել է Պեշիրին և հարցրել լուսանկարում պատկերված անձի և ընկերության մասին, սակայն նա չի պատասխանել։

Ռումինիայում Բոգդան Պեշիրը հայտնի էր որպես «TikTok-ի արքա»՝ առեղծվածային անձնավորություն, ով ներգրավված է կրիպտոարժույթային գործառնություններում և հարթակի օգտատերերին հայտնի է իր առատաձեռն նվիրատվություններով

Գաղտնազերծված հետախուզական գրառումներում ասվում է, որ Պեշիրը «ցուցադրում է կենսամակարդակ, որը չի համապատասխանում իրեն պատկանող ընկերության միջոցով իրականացվող գործունեությանը»: Ըստ ռումինական լրատվամիջոցների՝ նա ապրում է Բրաշով քաղաքի էլիտար հատվածում գտնվող շքեղ առանձնատանը, իր ավտոտնակում ունի BMW և Porsche մակնիշի մեքենաներ: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին հաջողվել է տեղորոշել այդ առանձնատան լուսանկարները և հաստատել, որ դրանք արվել են Բրաշովում։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված գրավոր մեկնաբանություններում Պեշիրը հերքել է իր կենսամակարդակի մասին հետախուզական գրառումներում տեղ գտած պնդումները:

«Ես եկամուտ ունեմ այլ աղբյուրներից, բոլորովին օրինական, որոնք հայտարարագրված են և հարկվում են», - ասել է Պեշիրը:

Ռումինական հետախուզության փաստաթղթերում նշվում է և՛ Պրոդանեսկուն, և՛ FA Agency կոչվող հարավաֆրիկյան ընկերությունը, որը, ըստ փաստաթղթերի, ինֆլուենսերներին առաջարկում էր հազար եվրո (1047 դոլար)՝ Ջորջեսկուի թեկնածությունը պաշտպանող տեսահոլովակ տարածելու համար:

«Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանը կապ է հաստատել իրեն իբրև «ինֆլուենսերների գործակալություն» նկարագրող և որպես Հարավային Աֆրիկայում գործող կազմակերպություն ներկայացնող ընկերության հետ՝ հարցնելով ընկերության ենթադրյալ դերի և Պեշիրի ու Պրոդանեսկուի հետ կապերի մասին, սակայն նյութի հրապարակման պահին դեռ պատասխան չի ստացել։

Պրոդանեսկուի հետ կապվելու ու նրանից մեկնաբանություն ստանալու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փորձերն անհաջողությամբ են պսակվել: Հարցազրույցի հրավերին ի պատասխան Պեշիրը միայն ուղարկեց իր նախկինում հրապարակված մեկնաբանությունների հղումը։

«Ես չեմ էլ ճանաչում Ջորջեսկուին»

Սահմանադրական դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքը չեղյալ համարելու մասին դեկտեմբերի 6-ի որոշմանը հաջորդեց Ռումինիայի դատախազության հայտարարությունն այն մասին, որ ենթադրյալ համակարգչային հանցագործությունների հետ կապված հետաքննություն է նախաձեռնվել։ Այդ հայտարարությունն արվեց ռուսական ազդեցության մասին պնդումների ֆոնին։

Ռուսաստանի ստույգ դերը ենթադրյալ TikTok ազդեցության գործողության մեջ պարզ չէ:

Համաձայն հետախուզական փաստաթղթերի՝ TikTok-ը Ռումինիայի իշխանություններին ծանուցել է, որ հայտնաբերել է ռուսական պետական ​ «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ փոխկապակցված հաշիվների ցանց, որը թիրախավորել է օգտատերերին Ռումինիայում և Մոլդովայում։

Փաստաթղթերում նաև պնդում կա, որ ընտրական կայքեր օգտատերերի մուտքի տվյալները գողացվել են և առցանց տեղադրվել «Ռուսաստանից ծագած կիբերհանցագործությունների հարթակներում»: Կրեմլը հերքել է որևէ միջամտություն Ռումինիայի ընտրություններին։
Հետախուզության զեկույցներում ոչ Պեշիրը, ոչ էլ նրա հետ գործակցողները չեն ներկայացվում որպես Ռուսաստանի հետ կապված անձինք:

Այն բանից հետո, երբ իր ինքնությունը հայտնի դարձավ հանրությանը, Պեշիրը TikTok-ում գրառում է արել, որտեղ իրեն ներկայացրել է որպես «ռումինացի ձեռնարկատեր և ներդրող»։ Նա գրել է, որ իրեն ոչինչ չեն խոստացել կամ վճարել Ջորջեսկուին աջակցելու համար:

«Ես նույնիսկ անձամբ չեմ ճանաչում [Ջորջեսկուին] և չեմ կարծում, թե իմ կողմից հավանություն տալը այն գործին, որը ես սատարում եմ, էթիկապես ճիշտ չէ», - գրել է նա: Նա նաև համեմատել է դա այն փաստի հետ, թե ինչպես Իլոն Մասկն օգնեց Դոնալդ Թրամփի նախընտրական արշավին հսկայական ֆինանսական աջակցությամբ և նրան սատարելով X սոցիալական ցանցում ու իր ելույթներում:

Պեշիրը նաև կրկնել է իր աջակցությունը նախագահի թեկնածուին, ասելով. - «Համակարգի վրա հարձակումները… ինձ է՛լ ավելի են դրդում սատարելու Կալին Ջորջեսկուին»։ Նա նաև նկարագրել է ծայրահեղ աջ քաղաքական գործչին որպես «ճիշտ ընտրություն ժողովրդի համար»:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Ռիին Ալյասը, Կարլ Շրեկը և Մայա Զիվանովիչն աջակցել են այս նյութի պատրաստմանը