Ռուսաստանը թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա

Ռուսական բանակը կիրակի գիշերը Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը տագնապ են հայտարարել Դնեպրից դեպի արևելք բոլոր շրջաններում։ Արձանագրվել են նաև «Կինժալ» հիպերձայնային հրթիռների արձակումներ։

Պայթյուններ են տեղի ունեցել Օդեսայում, Զապորոժիեում, Դնեպրում, Կրիվոյ Ռոգում և Չերկասի շրջանում։ Կիևում հրթիռը դիպել է հինգ հարկանի բնակելի շենքին, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ։ Նիկոլաևում «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի անկման հետևանքով մեկ կին է զոհվել, կա 4 վիրավոր, այդ թվում՝ երկու երեխա, հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը։

Մեկ գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է առնվազն 45 հրթիռ։ Նրանց թիրախներն են եղել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները:

Ռուսաստանն ամենօրյա ռեժիմով գնդակոծում է Ուկրաինան։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ռազմական օբյեկտների վրա։ Մոսկվան չի մեկնաբանում քաղաքացիական անձանց զոհերի կամ քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման մասին լուրերը: