Ռուսաստանը չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին, որը Կիևը նախատեսում է անցկացնել մինչև 2024 թվականի վերջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ նոր գագաթնաժողովի նպատակն է «առաջ մղել Զելենսկու բացարձակապես անկենսունակ բանաձևը՝ որպես հակամարտության կարգավորման ոչ այլընտրանքային հիմք»:
Զախարովան շեշտել է, թե առանց Ռուսաստանի և «հաշվի առնելու նրա շահերը» անհնար է հասնել «արդար և կայուն կարգավորման»։
Կրեմլը պնդում է, որ Ուկրաինան պետք է դուրս բերի իր զորքերը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների այն հատվածներից, որոնք Ռուսաստանը չի վերահսկում, ինչպես նաև հրաժարվի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևի դաշնակիցները համաձայն են, որ անհրաժեշտ է ռուսական կողմի ներկայացուցիչներին ևս հրավիրել խաղաղության երկրորդ գագաթնաժողովին։
«Նոյեմբերի սկզբին ամբողջ պլանը պատրաստ կլինի, սա կլինի Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով խոսելու սկիզբ և հիմք։
Ցանկացած ձևաչափով, նրա ցանկացած ներկայացուցչի հետ, քանի որ կլինի պլան և ցույց տալու բան»,- ասել է Զելենսկին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության հաջորդ գագաթնաժողովը կարող է կազմակերպվել մինչև տարեվերջ․ Ուկրաինայի վարչապետ