Ռուսաստանցիների 53 տոկոսը կարծում է՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի. հարցում

Ռուսաստանում հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։

Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։

Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը, ընդ որում՝ 60 տոկոսը համաձայն է կրակի դադարեցման համաձայնության՝ առանց նախապայմանների։

Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ պատերազմի մեկնարկից ի վեր գրեթե կիսով չափ նվազել է ուկրաինացիների թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը պետք է շարունակի պատերազմը Ռուսաստանի դեմ մինչև լիակատար հաղթանակ։

2024 թվականին հարցվածների 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: