Ռուսաստանին «կարելի է միայն պարտադրել խաղաղություն»՝ որպես «միակ ագրեսորի» Ուկրաինայի դեմ պատերազմում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պուտինը խախտել է միջազգային բազմաթիվ նորմեր և կանոններ, միայն իր կամքով նա կանգ չի առնի։ Ռուսաստանին պետք է պարտադրել խաղաղության: Այս պատերազմում միակ ագրեսորին, ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողին պետք է պարտադրել խաղաղություն, հենց սա է հարկավոր», - նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին զգուշացրել է՝ Ռուսաստանը պատրաստ է թիրախավորել ուկրաինական երեք ատոմակայանները՝ հերթական անգամ պնդելով, որ պատերազմը «չի կարող ավարտվել խոսակցություններով, անհրաժեշտ են գործողություններ»:
Նա կրկին կոչ է արել աշխարհին՝ աջակցել իր առաջարկած «խաղաղության բանաձևը» և բոլոր երկրներին հրավիրել մասնակցելու խաղաղության երկրորդ գագաթնաժողովին։
Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը դրան չի մասնակցի։ Առաջին համաժողովը հունիսին էր Շվեյցարիայում։ Հաջորդ գագաթնաժողովը նախատեսվում է կազմակերպել մինչև տարեվերջ։
Ամբողջ ելույթի ընթացքում ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նստած էր Զելենսկու դիմաց։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ռուսական պատվիրակությունը մտադիր չէ լսել Ռուսաստանին քննադատող «կլոնավորված ելույթները»։
Զելենսկին սեպտեմբերի 25-ին նաև ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Նա մտադիր է իր «հաղթական ծրագիրը» ներկայացնել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ինչպես նաև նախագահի թեկնածուներին՝ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։