Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը «վտանգավոր է և ապակայունացնող». Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կորեայի զորքերի տեղակայումը Ուկրաինայի դեմ իր պատերազմում օգնելու համար անվանել է «վտանգավոր և ապակայունացնող էսկալացիա»՝ նշելով, որ դա կարող է երկարացնել հակամարտությունը:

Հոկտեմբերի 30-ին իր հարավկորեացի գործընկերոջ հետ Պենտագոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Օսթինն ասել է, որ մոտ 10 հազար հյուսիսկորեական ուժեր արդեն տեղակայվել են Ռուսաստանի արևելյան ուղղությամբ: Զորքերի մի մասը ռուսական համազգեստով և ռուսական տեխնիկայով տեղափոխվում է Կուրսկի շրջան։

Նա հավելել է, որ «հավանականությունը բավականին մեծ է», որ Ռուսաստանը կօգտագործի Հյուսիսային Կորեայի զորքերը մարտերում։

«Եթե նրանք կռվում են ռուս զինվորների կողքին, նրանք համախոհներ են, և մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ… դրա արդյունքում նրանք կսպանվեն և վիրավորվեն», - նշել է Օսթինը:

ՄԱԿ-ում Մոսկվայի դեսպանը հոկտեմբերի 30-ին Նյու Յորքի Անվտանգության խորհրդում ասել է, որ Ռուսաստանի ռազմական փոխգործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ չի խախտում միջազգային իրավունքը և «ուղղված չէ երրորդ երկրների դեմ»։

Կիևը պնդում է, թե իրենց դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանը նաև հյուսիսկորեացի զինվորների է օգտագործում։ Մոսկվան այս տեղեկությունները ո'չ հերքում է, ո'չ հաստատում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն «խիստ մտահոգված է» հյուսիսկորեացիների՝ Ուկրաինայում ռուսներին միանալու մասին լուրերով