Ռուսական զորքերը գրավել են Սելիդովո քաղաքի կենտրոնն ու դրա այլ հատվածներ. DeepState

Հարվածի հետևանքեր Սելիդովո քաղաքում, արխիվ

Ուկրաինական DeepState նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում տեղի ունեցող փոփոխություններին, հայտնում է, որ ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաքի կենտրոնն ու դրա այլ հատվածներ։

Աղբյուրը նաև պնդում է, որ ռուսական զորքերը գրավել են Պոկրովսկի շրջանի Գորնյակ քաղաքը։

Անցած օրերին այդ մասին միայն ռուսական աղբյուրներն են գրել։

Ամենայն հավանականությամբ ռուսական բանակն այժմ շարունակում է առաջխաղացումը դեպի Պոկրովսկ, որը Ուկրաինայի զինուժի մատակարարման հիմնական հանգույցն է։

Ռուսաստանյան տելեգրամ ալիքները տեսանյութեր են հրապարակում, որոնցում ռուս զինվորներն ազատ շրջում են Սելիդովոյում, իջեցնում ուկրաինական դրոշները պետական կառույցներից և տեղադրում ՌԴ դրոշը։

Ուկրաինայի գլխավոր շտաբը, սակայն, մինչ այս պահը չի հաստատել Սելիդովոյի կորուստը: Գերատեսչության զեկույցում միայն հաղորդվել է, որ Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի բանակը հետ է մղել 27 հարձակում, այդ թվում՝ Սելիդովի շրջանում։

Դոնեցկի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել Սելիդովոյում ռուս զինվորականների կողմից խաղաղ բնակիչների հնարավոր սպանության փաստով։ Նրանց մարմինները հայտնաբերվել են հենց քաղաքում։

Մոսկվան այս հաղորդումները չի մեկնաբանել:

Սելիդովոն գտնվում է Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում՝ Դոնեցկից մոտ 44 կմ հարավ-արևմուտք։ Քաղաքը ճանապարհներով կապված է Պոկրովսկի, Կուրախովկայի, Գորնյակի, Ուկրաինսկու և այլ բնակավայրերի հետ։ Սելիդովոյից դեպի հարավ գտնվող երկաթգիծն էլ միացնում է Կուրախովո և Պոկրովսկ քաղաքները։ Մինչև 2022 թվականի հունվարի 1-ն, ըստ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների, Սելիդովոյի բնակչության թիվը կազմում էր 21,5 հազար։