Ռուսական տելեգրամյան ալիքները, վկայակոչելով ականատեսներին, գրում են օգոստոսի լույս 22-ի գիշերը Վոլգոգրադի մարզի Մարինովկա ռազմական օդանավակայանում պայթյունների մասին։
Տեղի բնակիչները հայտնել են անօդաչու սարքերի հարձակումների և հակաօդային պաշտպանության գործողությունների մասին:
Վոլգոգրադի նահանգապետ Անդրեյ Բոչարովն ավելի ուշ Տելեգրամում գրել է, որ ՀՕՊ-ը Վոլգոգրադի շրջանում ԱԹՍ-ներ է խոցել, բեկորներն ընկել են Պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտի տարածքում, հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան։
Վոլգոգրադի օդանավակայանում ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը սահմանափակվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի, Ռոստովի, Բելգորոդի, Վորոնեժի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 28 ԱԹՍ են խոցել։
Baza-ն գրում է, որ Վոլգոգրադի մարզում, նախնական տվյալներով, անօդաչուների թիրախը եղել է Մարինովկա օդանավակայանը։
Baza-ի տվյալներով՝ հայտնի է առնվազն երկու կործանված անօդաչու թռչող սարքի մասին։
Astra-ի տվյալներով՝ ռազմական օդանավակայանում 1-ից 3 րոպե ընդմիջումներով պայթյուններ են լսվել։
«Մեզ ասացին՝ փաստաթղթերը հավաքենք, հնարավոր է տարհանում լինի», - պատմել է տեղի բնակիչներից մեկը:
Վկայակոչելով բաց աղբյուրներ՝ տելեգրամյան ալիքը նշում է, որ 2014-ի հունվարից այդ օդնավակայանում են տեղակայված 4-րդ ռազմաօդային ուժերի և ՀՕՊ հրամանատարության 2-րդ առանձին հետախուզական ավիացիոն ջոկատի Սու-24ՄՌ հետախուզական ինքնաթիռները։