«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք», - ռուսական հաքերային խմբի հայտարարության վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան փոխանցեցին Կառավարությունից:
Ռուսական հաքերային խմբերից մեկը պնդում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։
«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարել էին հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2.5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։
Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Կոնկրետ այս խմբավորումը բավական նորահայտ խումբ է, առհասարակ Ռուսաստանում ինչ-որ նոր խմբեր են հայտնվել, որոնք հաքերային անուններով են ներկայանում և այսպիսի ինչ-որ հայտարարություններ են անում, երբեմն դրանք քարոզչական իմաստ են կրում»:
«Կոնկրետ այս խմբավորման հետ կապված, սքրինշոթից դատելով՝ դա իսկապես Հայաստանի կառավարության անանուն բաց FTP սերվերն է՝ FPT-ն ֆայլերի փոխանցման ծառայություն է, Հայաստանի կառավարությունը տրամադրում է այդպիսի բաց սերվեր, որտեղ առանց որևէ մուտքանունի տվյալի հնարավոր է մտնել, և դա արվում է հիմնականում լրագրողների հետ նյութեր փոխանակելու համար, այսինքն՝ դա ուղղակի բաց սերվեր է՝ բոլորին հասանելի, ինչպես որ Կառավարության կայքն է՝ ինքը բաց և հասանելի է», - նշեց Պապյանը՝ ընդգծելով. - «Ամեն ինչից դատելով՝ այդ սերվերին են ընկել այդ հաքերները և մտածել են, որ իրենք ինչ-որ մի բան են կոտրել, կամ ձևացնում են, որ իրենք ինչ-որ մի բան են կոտրել, երկու դեպքում էլ դա այդքան էլ լուրջ չէ»:
«Քիչ առաջ, երբ ես տեսա նոր սքրինշոթը, արդեն գինը, 2 միլիոն էին սկզբում գրել, հիմա 30 հազար դոլարի են իջեցրել: Այնպես որ, բավական անլուրջ տպավորություն է այս ամբողջը թողնում», - ասաց թվային անվտանգության մասնագետը:
Ամիսներ առաջ՝ հունիսին, "Народная CyberАрмия" հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում:
Այն ժամանակ «Ազատության» հետ զրույցում Արթուր Պապյանը նշել էր՝ «եթե դա հաջողվում է թեկուզ 5 րոպեով, և եթե դա ինչ-որ պատահական հաքերային ակտիվիստներ են և կարողանում են մի ամբողջ պետության ենթակառուցված անհասանելի դարձնել, դա կարելի է համարել պետական ենթակառուցվածքների թուլության ապացույց»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս հաքերների հարձակումներ ՀՀ նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների կայքերի վրա