Ուկրաինական բանակը Կուրսկի մարզում Սեյմ գետի երրորդ կամուրջն է ոչնչացրել, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը վկայակոչելով՝ ռուս բլոգերներ Վլադիմիր Ռոմանովին ու Յուրի Պոդոլյակային։
Կամուրջների ոչնչացումը բարդացնում է ռուսական զորքերի մատակարարումը Կուրսկի մարզի համեմատաբար փոքր հատվածներ, ինչպես նաև կտրուկ նվազեցնում է այնտեղ ենթադրաբար կուտակված ռուսական զորքերի նահանջի հնարավորությունը։
Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատարի խորհրդական Ռոման Ալյոխինը Պոդոլյակայի հաղորդումը «ստուգված» է համարել։
Փաստական տվյալներ կամուրջի ավերման մասին չկան։ Ուկրաինայի զինված ուժերն էլ դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Խոսքը Գլուշկովսկի շրջանի Կարիժ գյուղով անցնող կամրջի մասին է։ Կուրսկի մարզում Սեյմ գետի վրայով անցնող առաջին կամուրջն ավերվել է օգոստոսի 16-ին, երկրորդը՝ օգոստոսի 18-ին։ Երկուսի ոչնչացման պատասխանատվությունն ուկրաինական բանակն է ստանձնել։ Այս կամուրջների ավերումով շրջանի մի մասը կտրվել է Ռուսաստանից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզ ներխուժելու նպատակը, ըստ Զելենսկու, «ագրեսորի տարածքում բուֆերային գոտի ստեղծելն է»