Քոչարյանը վստահեցնում է՝ քաղաքականությունից դեռ դուրս չի գա, դժգոհում է անարդարությունից

Նորից դատարան կանչված ՀՀ երկրորդ նախագահն այսօր այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին՝ արդյոք իրեն պատասխանատու համարում է Երևանի կենտրոնում 10 մարդկանց սպանության համար։

«Մինչև սպառնալիքները չվերանան, իմ և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ»

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից դուրս չի գա: Երկրորդ նախագահն ինքն այդ մասին այսօր ասաց՝ իր դեմ նոր դատաքննության մեկնարկին։ Միաժամանակ վստահեցրեց, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:

«Ոչ, ոչ, դա ի՛մ իրավունքն է, ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրը այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և ինքս, նաև ինձնով են սկսել զբաղվել որպես քաղաքականությամբ, այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականության մեջ: Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ», - հայտարարեց Քոչարյանը:

Երկրորդ նախագահը վերահաստատեց՝ շարունակում է սատարել վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Մեկ այլ բարձրաստիճան հոգևորական՝ Շիրակի թեմի առաջնորդն օրերս ասել էր, թե Գալստանյանի շարժումը քայքայում են երկրորդ ու երրորդ նախագահների ուրվականները։

«Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել: Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր: Կոնկրետ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի», - ասաց նախկին նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայեցին Բագրատ սրբազանի շարժումը. Շիրակի թեմի առաջնորդ

Նախկին նախագահը դժգոհում է անարդարությունից՝ իրենից ներողություն չեն խնդրել

Քոչարյանը լրագրողների հետ զրուցեց Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Նա նորից դատարանի առջև է կանգնել Մարտի 1-ի գործով, չնայած 2021-ին առաջին ատյանի դատարանն արդարացրել էր նրան: Բայց վերջերս վճռաբեկ ատյանը բեկանեց այդ վճիռն ու գործն ուղարկեց նոր քննության։ Սպասվում է, որ Դատախազությունը նոր մեղադրանք պետք է ներկայացնի Քոչարյանին և նրա երեք ենթականերին։

Քոչարյանն այսօր այդպես էլ չպատասխանեց լրագրողների համառ հարցին՝ արդյոք իրեն պատասխանատու համարում է իր իր նախագահության օրոք մայրաքաղաքի կենտրոնում 10 մարդկանց սպանության համար։

Իր նախագահության վերջին՝ արյունալի օրերի մասին հարցերին Քոչարյանն ըստ էության չէր պատասխանում: 16 տարի առաջվա դեպքերի չբացահայտման մասին էլ ասաց. - «Ո՞վ է իրենց ձեռքից բռնել, խանգարել, թող ամբողջությամբ քննեն»:

Ավելին՝ երկրորդ նախագահը, որ դեռ 2018-ից պնդում է, թե անմեղ է, անարդարությունից դժգոհեց. - «Ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ Դատախազությունը, ո՛չ ընդհանրապես որևէ պետական մարմին: Ավելին՝ շարունակում են աճպարարությամբ, ինչ-որ, այս գործը հետ բերել դատարան՝ ինչ-ինչ նպատակներով: Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է»:

«Չկա հոդված՝ չկա մեղադրյալ»

Իսկ դատարանում Դատախազությունը նոր հոդվածով մեղադրանքի մասին չխոսեց, հերթը դրան չհասավ։ Թե՛ Քոչարյանը, թե՛ փաստաբանները մեկ հարց էին բարձրացնում՝ առանց մեղադրյալ ի՞նչ դատավարություն, ինչո՞ւ են հավաքվել։

«Հնչեց, որ ես ծանուցվել եմ որպես մեղադրյալ: Ես խնդրում եմ պարզաբանել, թե ինչ հոդվածով եմ ես մեղադրյալ այս քրեական գործում», - հայտարարեց նախկին նախագահն ու տեղը փոխեց՝ մեղադրյալի տեղից անցավ դատավարության մասնակիցների հատված:

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հակադարձեց՝ արդարացման վճիռն ուժի մեջ չի մտել, և Քոչարյանն ու երեք ենթակաները այս պահին մեղադրյալ են հակասահմանադրական ճանաչված սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Մինչդեռ նախկին նախագահն ու փաստաբանները պնդեցին՝ այդ հոդվածը դեռ 2021-ին է ճանաչվել հակասահմանադրական, ինչի արդյունքում մեղադրյալներն արդարացվեցին։ Դա նշանակում է, որ չկա հոդված՝ չկա մեղադրյալ։

«Այս պահին առկա չի բնության մեջ քրեական հետապնդում հարուցելու որոշում, որովհետև քրեական հետապնդում հարուցելու որոշումը ինքնին այդ փաստաթուղթը չի, որի վերնագիրը կլինի «քրեական հետապնդում հարուցելու որոշում»՝ պետք է բովանդակի փաստական և իրավական գնահատականներ», - հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը:

Մինչ Օրբելյանը պնդում էր, թե գործը պետք է փակվի, դատախազ Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց. - «Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը այս պահի դրությամբ դադարեցված չէ, այդ հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը բեկանվել է Վճռաբեկ դատարանի կողմից, և այս պահի դրությամբ և մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի լուծումը մեղադրյալները շարունակելու են ունենալ մեղադրյալի կարգավիճակ»:

Հաջորդ դատական նիստը նոյեմբերի 15-ին է։ Սպասվում է, որ Դատախազությունը կմիջնորդի նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին ու մյուսներին։ Ենթադրվում է, որ դա կլինի պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածը, որի վաղեմության ժամկետը, սակայն, անցել է։ Այսինքն՝ եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչի նրանց, նախկին նախագահն ու նրա ենթակաները չեն ազատազրկվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Շարունակվում է Քոչարյանի ու մյուսների գործով վերսկսված դատավարությունը, ՀՀ երկրորդ նախագահը ներկա է նիստինԿրկին ամբաստանյալի աթոռին. մեկնարկեց Քոչարյանի և մյուսների դատավարությունըԱրդարացումից երեք տարի անց Քոչարյանն ու մյուսները կրկին կկանգնեն դատարանի առջև