21-րդ դարի Մոսկվային բնորոշ խնամված, ժամանակակից գրասենյակային շենքից դիմացի տեսարանն ավելի շատ հիշեցնում էր ավազակային դաժան բռնությունը, որ 1990-ականներին տիրում էր Ռուսաստանի մայրաքաղաքում:
Տղամարդկանց խումբը, ոմանք Չեչնիայից, հավաքվել էր Wildberries-ի՝ Ռուսաստանի ամենամեծ առցանց մանրածախ առևտրի գրասենյակի մոտ, ուժի կիրառմամբ անցել անվտանգության աշխատակիցներին, կոտրել պատուհանը և, ի վերջո, հրահրել փոխհրաձգություն, ինչի հետևանքով անվտանգության երկու աշխատակից սպանվեց:
Ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինն այժմ կալանավորված է՝ ի թիվս այլ բաների, մեղադրվում է սպանության մեջ։ Բակալչուկը, որը նաև ընկերության գործադիր տնօրենն է և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, վճռականորեն շարունակում է հետամուտ լինել, որպեսզի իրագործվի արտաքին գովազդով զբաղվող և քիչ հայտնի մի ընկերության հետ միաձուլումը, գործարք, որին դեմ է նրա ամուսինը:
Եվ մոսկվացիներին այժմ հետաքրքրում է, թե ինչ դեր է խաղում Չեչնիայի տխրահռչակ առաջնորդ Ռամզան Կադիրովն այս ամենում, և արդյոք Ռուսաստանի մայրաքաղաքում զինված չեչենների մասնակցությամբ փոխհրաձգությունները կրկին սովորական կդառնան։
Այս ոդիսականը ծավալվում է նաև Ռուսաստանում ակտիվների մեծ վերաբաշխման ֆոնին։ Այն սկսվել է արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո, որոնք Ռուսաստանի նկատմամբ սահմանվել էին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման համար այս երկրին պատժելու նպատակով։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ դաժան և օրեցօր էլ ավելի կատաղի բնույթ ստացող պայքարի մասին, որը ծավալվում է մի ընկերության շուրջ, որի առցանց հարթակում անցած տարի 27 միլիարդ դոլարի գործարք է կատարվել, և ինչ է այդ ամենն ասում այս օրերին Ռուսաստանում բիզնեսով զբաղվելու մասին:
Ի՞նչ է Wildberries-ը
Ըստ էության, այն ռուսական Amazon-ն է՝ էլեկտրոնային առևտրի ներքին հարթակ, որտեղ ռուսները գնում են այնպիսի իրեր, ինչպիսիք են հագուստը կամ այլ ապրանքներ, և դրանք առաքվում են նրանց տներ։
Ընկերությունը, որը Տատյանա Բակալչուկը հիմնադրել է 20 տարի առաջ իր բնակարանում, երբ մեծացնում էր իր երեխաներին, վերջին տասնամյակում հսկայական աճ է գրանցել մինչ ավելի ու ավելի շատ ռուսներ էին հրաժարվում տոնավաճառներ գնալուց՝ նախընտրելով առցանց կատարել գնումները։
Ընկերության հաջողությանը հետագայում մեծապես նպաստեցին նաև COVID-19-ի կարանտինային միջոցառումները, իսկ այնուհետև՝ արևմտյան պատժամիջոցները, որոնց հետևանքով արևմտյան շատ ապրանքներ դուրս մղվեցին ռուսական շուկայից:
Մինչ ռուսներն առցանց տիրույթում փնտրում են արևմտյան արտադրության ապրանքներ, որոնք այլևս չեն կարող գտնել խանութներում, ընկերության եկամուտն անցած տարի աճել է 70 տոկոսով՝ հասնելով 539 միլիարդ ռուբլու (5,8 միլիարդ դոլար): Զուտ շահույթն էլ ավելի արագ է աճել՝ հասնելով մինչև 19 միլիարդ ռուբլի (205 միլիոն դոլար): Անցյալ տարի հարթակում իրականացվել է ավելի քան 27 միլիարդ դոլարի գործարք։
48-ամյա Տատյանա Բակալչուկը, որին պատկանում է ընկերության բաժնեմասի 99 տոկոսը և որը կայացնում է ռազմավարական բոլոր որոշումները, վերջերս պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է, թե ակնկալում է, որ այս տարի բոլոր գործարքների գումարային արժեքը կավելանա ավելի քան կիսով չափ՝ գերազանցելով 40 միլիարդ դոլարը։
Ըստ տարբեր գնահատականների՝ նրա կարողությունը տատանվում է 4-10 միլիարդ դոլարի սահմաններում, ինչը նրան դարձնում է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը, եթե ոչ բացարձակապես ամենահարուստը:
Ենթադրվում է, որ Բակալչուկը նաև կապեր ունի կառավարության ազդեցիկ քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի և նրա առաջին տեղակալ Դենիս Մանտուրովի հետ:
Այսպիսով, նա և նրա ամուսինն ամուսնալուծվում են, չէ՞
Վլադիսլավին` Բակալչուկի ամուսնուն (նրանք արդեն միասին չեն) է պատկանում ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը, չնայած որոշ տեղեկությունների համաձայն՝ նա է Բակալչուկին ժամանակին տվել բիզնեսը սկսելու համար անհրաժեշտ մեկնարկային կապիտալը:
Հունիսին, երբ ընկերությունը հայտարարեց, որ նախատեսում է միաձուլվել արտաքին գովազդով զբաղվող Russ ընկերության հետ, ամեն ինչ էլ ավելի վատացավ։ Վլադիսլավը հրապարակավ հայտարարեց, որ դեմ է գործարքին, ինչից հետո Տատյանան հայտարարեց, որ կդիմի դատարան, որպեսզի ամուսնալուծվի։
Միաձուլման գործարքը զարմացրեց արտաքին դիտորդներին և ոլորտի վերլուծաբաններին, որոնք հետևում են ռուսական էլեկտրոնային առևտրին և տեխնոլոգիական ընկերություններին:
Անցյալ տարի Wildberries-ի շահույթը չորս անգամ գերազանցում էր Russ-ի շահույթին, մինչդեռ հասույթն ավելի էր գրեթե 20 անգամ: Այնուամենայնիվ, աուդիտորները, որոնք նախկինում աշխատել են աուդիտորական հսկա Ernst & Young ընկերության համար, Wildberries-ի ընդհանուր շուկայական արժեքը ընդամենը երկու անգամ ավելի են գնահատել Russ-ի արժեքից, որը, ըստ տեղեկությունների, վերահսկում են ազգությամբ հայ Ռոբերտ և Լևան Միրզոյան եղբայրները։
Առաջարկվող գործարքի համաձայն՝ Wildberries-ը կստանա միավորված ընկերության 65 տոկոսը, իսկ Russ-ի բաժնետերերը կստանան բաժնետոմսերի մնացած 35 տոկոսը:
Վլադիսլավը հրապարակայնորեն դեմ արտահայտվեց միաձուլմանը, թեև ընկերությունում նրա ունեցած փոքր մասնաբաժինը նշանակում է, որ նա քիչ բան կարող էր անել գործընթացը դադարեցնելու համար:
Այստեղ պատմության մեջ ի հայտ է գալիս նոր կերպար՝ Ռամզան Կադիրովը, որն ավելի քան մեկ տասնամյակ Չեչնիան կառավարել է որպես իր անձնական կալվածք, այդ թվում, ըստ ակտիվիստների, կատարելով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ:
Վլադիսլավը դիմում է իր վաղեմի ընկեր Կադիրովին, որպեսզի վերջինս օգնի տապալել միաձուլումը: Գործարքի մասին հայտարարությունից մեկ ամիս անց Կադիրովն այն անվանեց Միրզոյան եղբայրների և Կովկասից «հայտնի» մարդկանց կողմից «լկտի ռեյդ»։ Ռուսական բիզնես ժարգոնում «ռեյդ»-ը վերաբերում է ընկերությունը թշնամաբար, երբեմն բռնի կերպով տիրանալուն։
Կարճ ժամանակ անց Բակալչուկը Վլադիսլավից ամուսնալուծվելու հայց ներկայացրեց։
Ի՞նչ տեղի ունեցավ այս շաբաթ
Սեպտեմբերի 18-ին Վլադիսլավը հայտնվեց Wildberries-ի՝ Մոսկվայում գտնվող գրասենյակում՝ 20 հոգուց բաղկացած խմբի հետ միասին, այդ թվում՝ մի քանի չեչեններ: Նա պնդում էր, որ ցանկանում է մասնակցել առաջիկա միաձուլման վերաբերյալ հանդիպմանը: Տատյանա Բակալչուկը հերքեց՝ ասելով, որ նման հանդիպում չկա։
Ընկերության գրասենյակը գտնվում է Կրեմլի անմիջական հարևանությամբ։
Բախումը ֆիքսած տեսանյութերում, որոնք լայնորեն տարածվել են Telegram-ում, երևում է, թե ինչպես են մի խումբ տղամարդիկ հրում և վիճաբանում նախ անվտանգության աշխատակիցների, այնուհետև ոստիկանների հետ: Մի պահ մի տղամարդ մահակով կոտրում է մուտքի մոտ գտնվող պատուհանը՝ փորձելով մտնել շենք, ինչից հետո նոր ծեծկռտուք է սկսվում։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ երկու մարդ է սպանվել կրակոցների հետևանքով, ևս երկու ոստիկան վիրավորվել է։ Երկու տասնյակից ավելի մարդ է բերման ենթարկվել։
Telegram-ում հրապարակած տեսանյութում Տատյանա Բակալչուկը արցունքներն աչքերին ասում է, որ «զինված մարդիկ ներխուժել են մեր գրասենյակներ, սկսվել է փոխհրաձգություն, քաոս, երիտասարդներ են մահացել»:
«Վլադիսլավ, այս ի՞նչ ես անում: Ինչպե՞ս ես նայելու մեր ծնողների և մեր երեխաների աչքերին»,- տեսանյութում ասում է նա:
Մեկ օր անց միջադեպի առնչությամբ Վլադիսլավին մեղադրանք առաջադրվեց։ Մեղադրանք է առաջադրվել ևս վեց տղամարդու, որոնք կալանավորվել են մինչև դատավարությունը:
Միջադեպը ուշադրության արժանացավ ոչ միայն ռուսների շրջանում Wildberries-ի հեղինակության, այլև այն պատճառով, որ այն հիշեցրեց 1990-ականները, երբ ավազակային հարձակումները, մեքենաների պայթյունները, փողոցային կռիվները և ուժային «ռեյդերը» սովորական երևույթ էին Մոսկվայում:
Նախագահ Վլադիմիր Պուտինի ժողովրդականությունն ու իշխանությանը երկար տարիներ լինելը մեծապես պայմանավորված են նրա կերպարով՝ որպես առաջնորդի, որը վերջ դրեց այդ անօրինականությանը:
Ո՞ւմ է պատկանումը Russ-ը
Կորպորատիվ գրանցման փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ռուսաստանում գովազդային վահանակների ամենամեծ ցանցին տիրապետող և այն շահագործող ընկերության 70 տոկոսը պատկանում է գործարար Գրիգորի Սադոյանին, որը քիչ է հայտնի, իսկ մնացած մասը՝ Միրզոյան եղբայրներին։
Թեև Վլադիսլավը մի տեսանյութում հատուկ նշել է Լևան Միրզոյանին՝ միաձուլումն անվանելով «ռեյդ», նրա մասին քիչ բան է հայտնի։ Մինչդեռ 46-ամյա Ռոբերտ Միրզոյանը Russ-ը ներկայացնող հանրային դեմքն է:
Միրզոյան եղբայրներն այս ընթացքում պետական բանկերի օգնությամբ արագ տեմպերով գնում են դաշնային և տեղական մրցակիցներին: Հաղորդվում է, որ ներգրավված է նաև Սուլեյման Քերիմովը՝ դաղստանցի ազդեցիկ միլիարդատեր և քաղաքական գործիչ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել որպես Կրեմլի հետ կապված օլիգարխ:
Հնարավոր է, որ Կադիրովը նկատի ուներ Քերիմովին, երբ պնդում էր անում միաձուլման գործում Կովկասից «հայտնի» մարդկանց դերի մասին։
Russ-ը պայմանագրեր ունի կառավարության կողմից վերահսկվող կազմակերպությունների հետ, ինչպիսիք են մետրոյի համակարգերը մի քանի քաղաքներում, երկաթուղին և երկրի մի շարք օդանավակայաններ:
2019-ին՝ COVID-19-ի կարանտինային միջոցառումների սկսվելուց անմիջապես առաջ, Միրզոյանի ընկերությունը, որն այն ժամանակ արտաքին գովազդով զբաղվող չորրորդ խոշորագույն ընկերությունն էր երկրում, գնեց իր ամենամեծ և երրորդ մրցակցին։ Անցյալ տարի Միրզոյանի ընկերությունը գնեց երկրորդ խոշոր մրցակցին, և ըստ վերլուծական ընկերություններից մեկի տվյալների՝ այսօր այն վերահսկում է երկրի փողոցներում տեղադրվող գովազդային վահանակների գրեթե կեսը:
Ոլորտի դիտորդները նշում են, որ Russ-ի կոնսոլիդացիան և վերելքը ոչ միայն արագ տեղի ունեցան, այլև հակամենաշնորհային իշխանությունների կողմից գործնականում ոչ մի հակազդեցության չհանդիպեցին:
Ռուսական РБК բիզնես թերթը հայտնեց, որ Միրզոյանի արդյունաբերության կոնսոլիդացիայի շարժիչ ուժը Քերիմովն է: Այս ամռանը տված հարցազրույցում Միրզոյանը խոստովանեց, որ Քերմիովի հետ ընկերներ են, սակայն հերքեց, թե նա որևէ առնչություն ունի Russ-ի չափազանց արագ վերելքին:
Միրզոյանը կարող է նաև այլ ազդեցիկ կապեր ունենալ։ Նրա նախորդ բիզնես գործընկերներից մեկը Գիշերային հոկեյի լիգայի հիմնադիրներից է՝ ամենահայտնի հանրային սպորտային իրադարձություններից մեկը, որի ամենահայտնի կանոնավոր մասնակիցը Պուտինն է:
Միաձուլման մասին հայտարարելուց օրեր առաջ Միրզոյանն ու Բակալչուկը նամակ գրեցին Պուտինին՝ խնդրելով օրհնել գործարքը և նշելով, որ ձգտում են Amazon-ի, Google-ի կամ չինական Alibaba-ի նման հսկաների մակարդակի թվային տերություն ստեղծել։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Պուտինն այնուհետև տվեց իր հավանությունը և էկոնոմիկայի նախարարին խնդրեց ավարտին հասցնել այն:
Ի՞նչ է սպասվում
Վլադիսլավի պաշտպանները մերժել են իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը։
Ինչ վերաբերում է Կադիրովի մասնակցությանը, ապա ձերբակալությունները, ներառյալ Վլադիսլավինը, կարող են վկայել այն մասին, որ Կադիրովը չի հասկացել, որ Պուտինն աջակցում է միաձուլմանը, ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Ռուսաստան հակակոռուպցիոն կազմակերպության գլխավոր տնօրեն Իլյա Շումանովը։
«Նրանք կարծում էին, որ կգան գրասենյակ կամ կվախեցնեն մարդկանց, և այս իրավիճակն արագ ինչ-որ կերպ կվերադառնա իր նախկին հունին»,- Շումանովն ասել է Current Time-ին:
Կադիրովը, հավանաբար, կփորձի մեղքը բարդել Վլադիսլավի վրա, կանխատեսել է Շումանովը, և, հավանաբար, կձգտի հանդիպել Պուտինի հետ, ինչպես դա արել է անցյալում, երբ մամուլում բացասական հրապարակումներ են հայտնվել։ Այդուհանդերձ, եթե հանդիպում չլինի, դա վատ նշան կլինի Չեչնիայի ղեկավարի համար, ասել է նա։
«Այս հանդիպման բացակայությունը Կադիրովը կընկալի որպես խիստ մերժում կամ վատ լուր իր համար»,- ասել է Շումանովը։
Հեղինակ՝ Թոդ Փրինս