Reuters. Բեյրութում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին

Լիբանան - Մարդիկ հավաքվել են Բեյրութի հիվանդանոցներից մեկի մոտ, ուր տեղափոխվում են պայթյուններից տուժածները, 17-ը սեպտեմբերի, 2024թ.

«Նախօրեին Լիբանանի տարածքում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էին», - տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սարքերի արտադրությամբ զբաղվող թայվանյան Gold Apollo ընկերության ներկայացուցիչներին։

Ընկերության փոխանցմամբ՝ փեյջերների այն խմբաքանակը, որ օգտագործում էին Լիբանանում գործող իրանամետ «Հեզբոլա» շարժման անդամները, արտադրվել է Բուդապեշտում գործող BAC Consulting ընկերության կողմից՝ Gold Apollo-ի կողմից տրամադրված լիցենզիոն արտոնագրի հիման վրա։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ զոհվել է, ևս 3 հազարը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչները Reuters-ին փոխանցել են, որ իրենց համոզմամբ՝ փեյջերներում պայթուցիկ սարքերը տեղադրվել են իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը հաստատում է՝ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավոր է, «նրա վիճակը կայուն է» Լիբանանում առնվազն 8 զոհ, հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով