Դաունի սինդրոմ ունեցող 5-ամյա Անահիտի մայրը՝ Կարինե Մկրտչյանը, չի ուզում, որ մյուս տարի դպրոց գնացող իր երեխան, դասերին նստելու փոխարեն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար առանձնացված սենյակում՝ «ռեսուրս դասարանում» առանձնանա: Ասում է՝ նա տառերը գրեթե գիտի, արտասանում է, շփվում, թող ակադեմիական առարկաները նախ սովորի:
Ծրագիրը դեռ պիլոտային է ու գործում է Հայաստանի երեք դպրոցներում, բայց եթե մինչև իր երեխայի դպրոց գնալը հաստատվի, գոնե մի խնդրանք ունի. - «Մեր պահանջն է, մեր խնդրանքն է, չգիտեմ ինչպես ասեմ, որպեսզի ծնողը իրավունք ունենա ընտրելու»:
«Ռեսուրս դասարանը», կամ ինչպես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում են ասում՝ «Աջակցող սենյակը», փորձարարական ծրագիր է, որն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆինանսավորմամբ: Կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն ասում է՝ ծրագրի նպատակն է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք տանն են հեռավար ուսուցում ստանում կամ դասարանում չեն կարողանում հարմարվել, մասնագետների լրացուցիչ աջակցությամբ ձեռք բերեն որոշ հմտություններ, որ հետո կարողանան միանալ դասապրոցեսին: Ֆինլանդիայում ու ԱՄՆ-ում, ասում է, այս փորձը հաջողված կիրառվում է:
«Այն երեխաները, որոնք որ հաշվառված են հաստատություններում, բայց, օրինակ, դպրոց են հաճախում, չգիտեմ, շաբաթական մեկ օր, երկու օր, կամ գալիս են դպրոց մեկ ժամով, երկու ժամով, այսինքն՝ ստացվում է, որ իրենք իրապես դուրս են մնում կրթությունից և հնարավորություն չեն ունենում դասարանում լինել իրենց հասակակիցների հետ և հնարավորություն չեն ունենում հենց որակյալ մատչելի կրթություն ստանալու», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մնացականյանը:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 8 հազար երեխա է սովորում, նրանցից 2 հազար 390-ն ունի 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք. սա հենց այն երեխաներն են, որոնց համար էլ ստեղծվում են այդ «ռեսուրս դասարանները»:
Դաունի սինդրոմ ունեցող մի խումբ երեխաների ծնողներ «Ազատությանն» ասում են՝ իրենց երեխաների կարիքները գնահատված են հենց այդ միավորներով: Ընդունում են, որ այդ դասարանների կարիք ունեցող երեխաներ կլինեն, բայց վստահ են՝ ո՛չ իրենց երեխաները, որոնցից մի քանիսը թեև նոր պետք է դպրոց գնան, բայց արդեն որոշ գիտելիքներ ունեն, ով էլ գնում է դպրոց՝ կարողանում է բոլոր դասերին նստել ու յուրացնել գիտելիքն իր հնարավորության սահմանում, իհարկե՝ ծնողի ներկայությամբ:
«Մենք դեմ չենք, որ երեխաները ներգրավվեն, բայց եթե այնտեղ չկա կրթական պրոցես, ես ուզում եմ հասկանամ՝ դա լինելու է խնա՞մք, թե՞ կրթություն: Ես չեմ ցանկանա իմ երեխան, որը նստում է բոլոր չորս ժամերը դասասենյակում, թողնի հայոց լեզու, մաթեմատիկա և այլն, բացակայի նման դասերից՝ գնա էնտեղ խնամք ստանա», - «Ազատությանն» ասաց ծնողներից մեկը:
«Տառերը ես իրեն սովորեցնում եմ երեք տարեկանից, որ իմ երեխան մինչև դպրոց գնալը արդեն այբուբենը գիտի, գնում է դպրոց նկարչություն անելու», - նշեց մյուսը:
«Իմ երեխան գնաց «ռեսուրս սենյակ», ի՞նչ է անցնելու: Ու հստակ հարցերը տվել եմ՝ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և օտար լեզուներ, մինիմում գոնե ինչ-որ գիտելիք պե՞տք է ստանա այդ «ռեսուրս սենյակում», թե՞ ոչ՝ այդ հարցիս էլ չեն պատասխանել», - ընդգծեց երրորդը:
Ծնողների մտահոգությանը, որ այդ դասարաններում երեխաները չեն ստանա ակադեմիական կրթություն, ասում են՝ ամեն դեպքում, պաշտոնական էջի լուսանկարներից այդ եզրահանգմանն են եկել, Լիլիթ Մնացականյանն այսպես արձագանքեց. - «Առանձնացրել ենք 9 հիմնական բաղադրիչ՝ ակադեմիական գիտելիքների կարողությունների, հմտությունների ձևավորումն է, երկրորդը՝ սոցիալական հաղորդակցման հմտությունների զարգացումը, տարածական կողմնորոշման ու շարժունակության զարգացումը, ինքնասպասարկման հմտությունների ձևավորում և զարգացում, զգայական ընկալման զարգացում, անկախ ապրելու հմտությունների ձևավորում և զարգացում, ինքնորոշման կարողությունների զարգացում, աջակցող տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ, հանգստի, ժամանցի կազմակերպում և անցկացում»:
«Դաունի սինդրոմով, աուտիզմ ունեցող և զարգացման այլ առանձնահատկություն ունեցող ոչ բոլոր երեխաներն են այդ դասարաններում աջակցող կրթություն ստանալու»,- բացատրում է կենտրոնի տնօրենը, - «Երեխա կա, որ չունի ոչ մի հաղորդակցման հմտություն՝ կառավարելի վարք դասարանում, առհասարակ ադապտացիայի լուրջ խնդիրներ ունի, իսկ երեխաներ կան, որոնք որ կարողանում են անգամ գրել և կարդալ: Բնականաբար, այդ երեխաները իրենք արդեն իսկ դասարանում ներառման ոչ մի տեսակի խնդիր չունեն. նման տեսակի երեխաների համար այս ծրագիրը չի գործում»:
Ծնողներն այլ մտահոգություն էլ ունեն՝ ավելի քան 30-հոգանոց դասարանում ուսուցիչն անգամ մեկ օգնականով չի կարող իրենց երեխաների հետ աշխատել, առաջարկում են՝ այդ սենյակների փոխարեն, այս խնդիրը լուծել.
«Կարելի էր դասարանները բեռնաթափել, չէ՞ որ եթե 10 երեխա լինի դասարանում, արդեն դասվարին էլ հեշտ կլինի առանձնահատուկ երեխաների հետ աշխատել, կամ, ասենք, օգնական շատ տրամադրեն՝ օգնականը տրամադրվում է բոլոր երեխաներին, չի տրամադրվում առանձնահատուկ երեխաներին»:
«Ծնողը ուզո՞ւմ է իր երեխան գնա «ռեսուրս սենյակ»՝ թող գնա «ռեսուրս սենյակ», դեմ չեմ դրան, բայց եթե ես ուզում եմ իմ երեխան դասարանում սովորի, ես էլ իր կողքը նստեմ, այսինքն՝ ինձնից լավ ո՞վ կարա իմ երեխուն ճանաչի: 30 աշակերտի հետ էդ մի հոգին ի՞նչ պետք է անի»:
Իսկ թե ինչու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իր ֆեսբուքյան էջի գրառումների դաշտը քննարկումներից հետո փակել, տնօրենն ասաց՝ հարցերը կրկնվում էին: Իսկ հանդիպում այս ծնողների հետ կկազմակերպեն, երբ պիլոտային ծրագիրը գոնե առաջին փուլի ամփոփ արդյունքներն ունենա, առայժմ պիլոտային ծրագիրն, ասում են, ընդամենը մեկ ամիս է գործում։
«Շատ կարևոր է նաև, որ այն ծնողները, որոնք որ ներգրավված են պիլոտին, և ում երեխաները ներգրավված են պիլոտին, իրենց խոսքն էլ լսելի լինի: Իսկ այս պարագայում մենք պիլոտը դեռևս նոր ենք իրականացնում, և այս մեկ ամսվա ընթացքում խոսել պիլոտից, այն էլ՝ լայնածավալ մասշտաբով, այդքան էլ ճիշտ չեմ համարում», - նշեց Լիլիթ Մնացականյանը:
Իսկ ծնողները շարունակում են ստորագրահավաքը իրենց պահանջը տեղ հասցնելու համար՝ արդեն ավելի քան 40 ծնող ստորագրել է: