Ռուսաստանը չկարողացավ փրկել Բաշար Ասադի ռեժիմը տապալումից, քանի որ զբաղված էր Ուկրաինայի դեմ պատերազմով։ Վլադիմիր Պուտինի նպատակն այժմ Սիրիայում ռազմաբազաների պահպանումն է, X -ում հրապարակած հղորդագրությունում նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ըստ բրիտանական ռազմական գերատեսչության՝ «ռուս պաշտոնյաները, գրեթե կասկած չկա, որ կարծում են իրենց երբեմնի դաշնակից Ասադի վարչակարգի փլուզումը վնասում է ինչպես իրենց տարածաշրջանային ռազմավարական շահերին, այնպես էլ՝ որպես անվտանգության երաշխավորի իրենց իմիջին»:
«Ռուսաստանի ղեկավարությունն, ըստ ամենայնի, ուկրաինական հակամարտությունը դիտարկում է որպես իր հիմնական մտահոգություն, այդ առաջնահերթությունն էլ, հավանաբար, նվազեցրել է Ասադի ռեժիմը իշխանության ղեկին պահելու Ռուսաստանի կարողությունը», - ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանը Սիրիայում երկու խոշոր ռազմակայան ունի՝ ավիաբազա Հմեյմիմում և ռազմածովային բազա Տարտուսում: Վերջինը Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է տաք ջրային տարածաշրջանում և Մոսկվային դեպի Միջերկրական ծով ելք է ապահովում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ասադը Ռուսաստանում է և նրան այստեղ անվտանգ է․ Ռյաբկով