«Պարզվում է, որ մենք խոսել չգիտենք, որվհետև հենց սկսկում ենք խոսել, 15-րդ րոպեից աթոռներն առնում ենք ու հագցնում ենք իրար գլխին», - այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սա շատ լուրջ պրոբլեմ համարելով։
«Պետք է վերադառնանք խոսելու կուլտուրային։ Մենք պետք է խոսենք էս մասին։ Լավ, մենք կարողանո՞ւմ ենք հարց քննարկել, թե՞ ի վիճակի չենք հարց քննարկել», - ասաց Փաշինյանն՝ առանց հստակեցնելու, թե որ իրավիճակի մասին է խոսում։
Վարչապետի այս հայտարարությունը հաջորդում է օրերս խորհրդարանում Քննչական կոմիտեի և ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած սկանդալին։
Քննչականի ղեկավարը, որ օրերս իրավապահ մյուս կառույցների ղեկավարների հետ խորհրդարանում ներկայացնում էր Հայաստանում հանցավորության իրավիճակը, չզսպեց իրեն, երբ Աղազարյանը նրան հորդորեց պատգամավորների հետ հարգալից շփվել:
«Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, ով որ կկարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպիկ բաց թողել, և եթե եղել է էդպիսին, ուրեմն ես հլը շատ մեղմ արձագանք եմ ցուցաբերել, արձագանքը հետագայում կզգացվի», - հայտարարեց Քյարամյանը:
Փոխադարձ վիրավորանքներով այս վիճաբանությունից առաջ Արգիշտի Քյարամյանը, ըստ ներկաների, դահլիճից իրեն ուղղված ռեպլիկ էր լսել, թե «ամբիոնից կուռաժիտ է լինում», և վրդովվել։
Քննչականի ղեկավարն ու իշխանական պատգամավորը խորհրդարանում նաև իրար հակաօրինական գործողությունների մեջ էին մեղադրել։ Աղազարյանը, որի որդին անցնում է քրեական գործով, հայտարարեց, թե գործի քննությունը միտումնավոր է ձգձգվում, և դրանով նաև իր նկատմամբ ճնշումներ են գործադրվում: Քյարամյանն էլ, իր հերթին, ասաց, թե Աղազարյանի որդու գործով երկու անգամ իրեն դիմել են: Պատգամավորը Քննչական ղեկավարին առաջարկեց անուններ հնչեցնել, սակայն կառույցից լռում են:
«Դե թող տա անունը, չտվեց՝ ուրեմն ստախոս է», - հայտարարեց Աղազարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սկանդալից հետո պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ Քյարամյանը. ՔԿ-ից չեն մեկնաբանում, ՔՊ-ն էլ չի դատապարտում