ՌԴ փոխվարչապետեր Սավելևն ու Օվերչուկը ժամանել են Թեհրան

Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետեր Վիտալի Սավելևը և Ալեքսեյ Օվերչուկը ժամանել են Թեհրան, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

ՌԴ փոխվարչապետերը կհանդիպեն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, բանակցություններ կանցկացեն նաև առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի և ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ։

Օրակարգում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի, տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի, Մոսկվայի և Թեհրանի միջև երկկողմ համագործակցության որոշ թեմաներ են։

Իրանական կողմը ՌԴ փոխվարչապետերի այցի մասին դեռ չի հաղորդել։

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի էին ունեցել ռուս-իրանական խորհրդակցություններ․ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել էին Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Ուկրաինայում իրավիճակը։

Նոյեմբերին New York Times-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասել էր, որ Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն՝ մանրամասնելով՝ «մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։

«Հակամարտություններով լի Կովկասում Ռուսաստանն ու Իրանը տարբերվող տեսակետներ ունեն առևտրային ճանապարհների ու ազդեցության բաժանման հարցում», - գրել էր ամերիկյան պարբերականը, մանրամասնելով՝ դա արևմտյան երկրներին անսովոր երկընտրանքի առջև է կանգնեցնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. Սոբհանի