ՌԴ-ում պետական ​​դավաճանության համար դատապարտվածների թիվը 3․5 անգամ աճել է

Բանտ Ռուսաստանում, արխիվ

Ռուսաստանում 2024-ի առաջին վեց ամիսների ընթացքում 52 մարդ դատապարտվել է պետական դավաճանության համար, ինչը 3,5 անգամ գերազանցում է 2023 թվականի տվյալները։

Այս թիվը հրապարակել է հետաքննական լրագրության մեջ մասնագիտացած "Важные истории"առցանց գործակալությունը՝ հիմնվելով Դատական դեպարտամենտի տվյալների վրա:

Անցած տարվա առաջին կեսին պետական դավաճանության մեղադրանքով 15 անձ է ազատազրկվել, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 4, 2021-ին՝ 8, 2020-ին՝ 3 անձ:

Հրապարակման համաձայն, պետական դավաճանությանը զուգահեռ աճել է նաև լրտեսության համար դատապարտվածների թիվը․ 2024-ի առաջին վեց ամիսների ընթացքում այս հոդվածով դատապարտվել է 18 մարդ, ինչն ինն անգամ ավելի է 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ընդամենը երկու մարդ էր այս հոդվածով դատապարտվել։

Եվս երկու անձ էլ դատապարտվել է օտարերկրյա պետության հետ գաղտնի համագործակցության համար: Այս հոդվածով դատապարտվածների թիվը նույնքան է եղել ողջ 2023-ին: «Ազատություն» ռադիոկայանի "Сибирь.Реалии " գործակալությունն ավելի վաղ հրապարակել էր, որ 2022-ի հոկտեմբերից մինչև 2024-ի հուլիսն այս հոդվածով հարուցվել է առնվազն 40 քրեական գործ:

Պետական գաղտնիքի հետ կապված անօրինական գործողությունների համար դատապարտվել է 96 մարդ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է 2023-ի առաջին վեց ամիսների համեմատ։

Պատժաչափերի ավելացումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի պաշտպանության պահանջների խախտում» հոդվածով, նշում են լրագրողները։ Այն պատասխանատվություն է նախատեսում Ռուսաստանից հեռացող այն քաղաքացիների համար, ովքեր ժամանակին հասանելիություն են ունեցել պետական գաղտնիքներին՝ պետական ձեռնարկությունների նախկին աշխատակիցներ, ինժեներներ, պաշտոնաթող զինվորականներ և այլն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը դավաճանություն անվանեց և խոստացավ խստորեն պատժել «զինված խռովության» կազմակերպիչներին