ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետի առաջին տեղակալի նկատմամբ

Իգոր Ֆեոդորով, լուսանկարը՝ ՌԴ ՆԳՆ կայքից

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Ֆեոդորովի նկատմամբ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ՆԳՆ կայքում։

Փաստաթղթում նշվում է, որ Ֆեոդորովը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով, իսկ թե որ հոդվածով, չի հստակեցվում։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ 70-ամյա Իգոր Ֆեոդորովն 2006-ի օգոստոսին է նշանակվել Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետի առաջին տեղակալ։ 2023-ի հունիսին Ռուսաստանի Քննչական կոմիտեն Ֆեդորովին հեռակա մեղադրանք է առաջադրել։ Պատճառները կրկին չեն նշվում։

Այս տարվա հունիսին Մոսկվան հետախուզում է հայտարարել նաև Ուկրաինայի ԶՈւ օդային հարձակման ուժերի նախկին հրամանատար Միխայիլ Զաբրոդսկու, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Սերգեյ Գայդուկինի և Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Վլադիմիր Կոնդրատյուկի նկատմամբ։

2024-ի հունիսի դրությամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել 28 ուկրաինացի զինվորականների նկատմամբ։ Ինչպես նաև, ըստ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, ավելի քան 30 ուկրաինացի զինվորականներ Ռուսաստանում ցմահ ազատազրկման են դատապարտվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Գրոյսմանի, Դանիլովի ու Ավակովի նկատմամբ